Սյունիքի մարզպետն այցելել է Կապան քաղաքի շինհրապարակներ
ОбществоՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օգոստոսի 13-ին այցելել է մարզկենտրոնի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու տարածքի շինհրապարակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների, կանաչապատման աշխատանքներն իրականացնող «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչների և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է այստեղ իրականացվող շինարարական, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին:
Մարզի ղեկավարին զեկուցվել է, որ այս տարվա օգոստոսի 1-ին մեկնարկած շինարարական աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան, նաև ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները: Մարզպետը պատրաստակամություն է հայտնել համապատասխան միջոցներով աջակցել հողային, հենապատերի տեղադրման, ինչպես նաև քարե սալիկներով երեսպատման աշխատանքներին:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եղել է նաև Կապանի կենտրոնական հրապարակի ջրային գոտիների շինհրապարակում: Նախորդ տարվա մայիսին մեկնարկած այս ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 246 մլն դրամ: Ներկայումս իրականացվել է աշխատանքների զգալի մասը` մոտ 80 տոկոսը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին:
Շրջայցի ընթացքում քննարկվել են նաև Կապանի քաղաքապետի նախաձեռնությունները` կապված քաղաքի կենտրոնական հատվածների բարեկարգման հետ: Նախանշվել ու քննարկվել են ծրագրերը և այլ հարցեր: