Արտաշատի տարածաշրջանի որոշ կենդանիների մոտ ախտորոշվել է պաստերելյոզ
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օգոստոսի 8-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ Արտաշատի տարածաշրջանում գտնվող ամառային արոտավայրերից մեկում կենդանու անկման դեպք է գրանցվել:
Ինչպես տեղեկացրին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից, անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով՝ ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետներն ու մարզային կենտրոնի տեսուչները տեղում պարզել են, որ անկել է Այգեզարդ համայնքի բնակչին պատկանող մեկ երինջ, իսկ Նարեկ համայնքի բնակչին պատկանող մեկ այլ կենդանի ենթարկվել է հարկադիր մորթի: Մսեղիքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ախտորոշվել է պաստերելյոզ հիվանդությունը:
Ծառայության մասնագետները արոտավայրում գտնվող կենդանիներին ենթարկել են կլինիկական զննության և համապատասխան բուժում նշանակել: Միաժամանակ հանձնարարել են կիրառել անկումից խուսափելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Ծառայությունը հսկողության տակ է պահում տարածքն ու կենդանիների գլխաքանակը՝ հիվանդության առաջին իսկ ախտանշանները տեսնելու դեպքում կանխարգելիչ միջոցառումներ կատարելու նպատակով:
Պաստերելյոզը ընտանի և վայրի մի շարք կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություն է: