Համալիրը չէր կարող վաճառվել, քանի որ բազմաթիվ դատական վեճեր կան դրա հետ կապված. փաստաբան Արմինե Հակոբյան
Интервью«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի փաստաբան Արմինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Համալիրի վաճառքին, նշեց, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չէր կարող վաճառվել, քանի որ դեռ չի ավարտվել շենքի վաճառքի հետ կապված դատական գործը:
«Կառավարության այս նախագիծն անհասկանալի էր: Ներկայում բազմաթիվ դատական վեճեր կան՝ կապված մարզահամերգային համալիրի հետ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում արդեն մեկ տարի է՝ կառավարության և ԴԱՀԿ-ի միջև կնքված գույքը հանձնելու վերաբերյալ պայմանագիրն է վիճարկվում բազմաթիվ կետերով: Նույն կառավարությունը հստակ նշել էր, որ շարժական գույքը պետք է հանձնվեր սեփականատերերին, սակայն այդ գործերով ևս չկան դատական ակտեր ու հիմա գույքը օտարվում է։ Նշեմ նաև, որ մեր ընկերության սնանկության գործընթացը ևս ավարտված չէ»,- տեղեկացրեց փաստաբանը:
Նախկին մամուլի խոսնակ Կորյուն Գրիգորյանը ևս իր խոսքում ասաց, որ համալիրը երբեք չեն դիտարկել որպես բիզնես կենտրոն: «Համալիրը երբեք մեր կողմից չի դիտարկվել իբրև բիզնես-նախագիծ, մենք չենք փոխել ի սկզբանե նրա հիմքում դրված նշանակությունը, իսկ հիմա ուզում են այն վերածել զվարճանքի վայրի։ Ի դեպ, որ ասվում է հարակից տարածք, այդ տարածքները ևս համարվում են պատմամշակութային հուշարձանի տարածք և մենք հենց այնպես չէ, որ խնամում էինք ողջ տարածքը, դա է նրա ամբողջական տեսքը»,- ասաց վերջինս:
Նա նշեց, որ, որպես քաղաքացի, իրեն դուր չի գալիս համալիրի վաճառքը: «Համալիրը կվերածվի անճոռնի մի կառույցի»,- ասաց նա:
Հարցին, արդյո՞ք շահութաբեր է Համալիրի շահագործումը, Կորյուն Գրիգորյանը պատասխանեց, որ համալիրը մեկ ամիս շահագործելու համար անհրաժեշտ է 100 հազար ԱՄՆ դոլար: «Քանի՞ համերգ եք հիշում, որ այդքան գումար կբերեր։ Միայն ֆոյեի լույսերը մեկ ժամում 1000 դոլարի ծախս են առաջացնում։ Մենք համալիրը շահագործել ենք այլ բիզնեսներից գումար ներդնելով, որովհետև մեր ժողովուրդը հնարավորություն չունի համերգներին այնքան գումար վճարի, որ համալիրի շահագործումը դառնա շահավետ: Համալիրն իր իսկ նշանակությամբ շահագործելը բարեգործություն է, բայց դա արվում է հեղինակության համար»,- ասաց նա:
Կորյուն Գրիգորյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու չվաճառվեց Համալիրը, երբ ԴԱՀԿ-ն աճուրդի էր հանել, ասաց, որ այն ժամանակ նշվում էր, որ վաճառքի է հանվել պատմամշակութային արժեք ունեցող շենքը, ինչը ենթադրում է, որ չի կարելի փոխել նրա տեսքը, նշանակությունը և այլն, իսկ այս դեպքում նման տողեր չկան: Վերջինս նաև նշեց, որ համալիրը բավականին էժան գնով է վաճառվել: «Այն կարող էր վաճառվել կրկնակի, եռակի, նույնիսկ քառակի անգամ ավելի»,- ասաց բանախոսը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը օտարել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Ընկերությունը պատրաստվում է համալիրի հարակից տարածքում ժամանցի կենտրոն կառուցել, որն ընդգրկելու է հյուրանոց, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ ու խաղատուն: Նշենք, որ ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ն ընդամենը 20 օր առաջ է գրանցվել:
Անժելա Պողոսյան