Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը պահանջում է «Արմեն ճամբարը» վերադարձնել հայերին
ОбществоԹուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունից ընտրված հայ պատգամավոր Սելինա Դողանն իր վրդովմունքն է արտահայտել Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» -ի տարածքի նկատմամբ հսկողություն սահմանած երիտասարդների վրա անհայտ անձանց կողմից իրականացված հարձակման առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, Դողանն ընդգծել է, որ հայկական որբանոցի պահպանման համար տարվող դիմադրության խորհրդանշական` 100-րդ օրն իրականացված հարձակումն ի ցույց է դնում դրա խորքային պատճառները:
Քեմալական կուսակցության հայ պատգամավորը նշել է, որ «Արմեն ճամբարը», չնայած խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տված խոստմանը, չի վերադարձվում իրական տերերին: Դողանը հայտարարել է, որ քանի դեռ հարձակման իրական մեղավորները չեն հայտնաբերվել, դրանց պատասխանատուն մնում է իշխանությունը:
«Որբ հայ երեխաների, այդ թվում և Հրանտ Դինքի կողմից կառուցված և հասարակության շրջանում այդքան կարևոր տեղ զբաղեցնող «Արմեն ճամբար»-ն անհապաղ պետք է վերադարձվի իր տերերին»,- նշել է Դողանը` հավելելով, որ հայկական որբանոցը դարձել է խորհրդանիշ ոչ միայն հայերի, այլև ժողովրդավարական արժեքների համար պայքարող ուժերի համար: