Հայաստանում տարածում է գտնում անտուն կենդանիների որդեգրումը
ОбществоՀայաստանում տարեցտարի տարածում է գտնում անտուն կենդանիների որդեգրումը:
Այս մասին օգոստոսի 14-ին Անտուն կենդանիների միջազգային օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դինգո Թիմ» ՀԿ-ի նախագահ Օվսաննա Հովսեփյանը:
«Մեր թիմի գործունեության առաջին իսկ օրվանից մինչ օրս ավելի քան 2000 շուն ու կատու նոր տեր է գտել: Այսօր արդեն ամսական որդեգրվում է 20-ական կենդանի: Մեր թիմի աշխատանքը բավականին ակտիվ է դարձել բնակչության հետ: Եթե մեկ տարի առաջ մարդիկ զանգում և կոչ էին անում մեզ տանել անտուն կենդանուն, ապա հիմա խնդրում են բուժել, ստերջացնել կենդանուն, որպեսզի շարունակեն պահել այդ կենդանուն իրենց բակում: Մեր նպատակն է, որ նման դեպքերը շատանան, ինչի շնորհիվ բակերում կլինեն ավելի առողջ և ստերջացված կենդանիներ», - նշեց Օվսաննա Հովսեփյանը:
«Դինգո Թիմ» ՀԿ-ի նախագահը նկատեց, որ փողոցում հայտնվող կենդանիները ոչ միայն սոցիալական խնդիրների, այլ նաև անհրաժեշտ գիտելիքի պակասի հետևանք են, երբ մարդիկ կարծում են, որ շները վարակի աղբյուր են՝ չիմանալով, թե որ դեպքում շան մազից կարող է առաջանալ հիվանդություն և որ դեպքում՝ ոչ:
«Հայաստանում բաց է մնում կենդանիների, ներառյալ անտուն կենդանիների վերահսկողության օրենդրական դաշտը, ինչպես նաև կենդանիներ նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ռազմավարական ծրագրերն ու կրթական ոլորտները: Մենք պարբերաբար հանդիպում ենք պատգամ մարմինների ներկայացուցիչների հետ խնդրին լուծում տալու համար, սակայն առանց երկրի ղեկավարների որոշման «սայլը տեղից չի շարժվի»», - նկատեց «Փրո Փոուզ» ՄԹ-Հայաստան բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նարե Արամյանը:
«Փրո Փոուզ» ՄԹ-Հայաստան բարեգործական ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ցանկացած ոլորտում փոփոխություններ կատարելու համար նախ անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություններ: Կենդանիների իրավապաշտպանը նշեց, որ անհրաժեշտություն կա հաշվառել և քարտեզագրել անտուն կենդանիներին, որից հետո նոր հնարավոր կլինի մշակել հայեցակարգ կամ ռազմավարական ծրագիր: