Դասախոսը կաշառք է պահանջել
ОбществоԳյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի ուսումնական մասի դասախոս Տիգրան Մադոյանը մեղադրվում է ուսանողից 60 հազար դրամ կաշառք պահանջելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության` «Նախազորակոչային պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն » ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնի 5-րդ կուրսի ուսանող Ռ. Գրիգորյանը չի հաճախել պրակտիկայի պարապմունքներին, ունեցել է բազմաթիվ բացակայություններ, որոնց արդյունքում ենթակա է եղել անբավարար գնահատականի։
Բացակայությունների մասին ինստիտուտի պրակտիկայի բաժին հայտնելու և օրինական ընթացք տալու փոխարեն, Տիգրան Մադոյանը 2014թ. դեկտեմբերի 8-ին ուսանողից 60.000 դրամ է պահանջել` նրա պրակտիկայի արդյունքները դրական գնահատելու, կուրսային աշխատանքն անձամբ պատրաստելու և օրագրում համապատասխան գրառումներ ապահովելու համար:
Տիգրան Մադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործը քննվում է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի Գյումրիի նստավայրում։