Լավ արարքի «հետևանքները» (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես կարող է մի փոքր լավ արարքը բազմաթիվ լավ իրադարձությունների պատճառ դառնալ։
24-ամյա Լիզ Վուդվորդը մատուցողուհի է աշխատում ամերիկյան սրճարաններից մեկում, որտեղ մի օր այցելել են հրշեջներ Թիմ Յանգը և Փոլ Հուլինգսը՝ 12 ժամ պահեստում հրդեհի դեմ պայքարելուց հետո, գրում է fishki.net-ը։
Սակայն երբ նրանք խնդրել են իրենց հաշիվը՝ Լիզը, նկատելով՝ որքան հոգնած են նրանք, ինքն է վճարել այն և գրություն թողել՝ «Ձեր այսօրվա նախաճաշն իմ հաշվին է։ Շնորհակալությո՛ւն, տղաներ, ամենի համար, ինչ անում եք։ Նրա համար, որ փրկում եք մեզ՝ որտեղ էլ պատահի, և ցանկացած պահի պատրաստ եք հասնել օգնության։ Անկասկած, դուք համարձակ և ուժեղ տղաներ եք։ Շնորհակալությո՛ւն ձեր ամենօրյա աշխատանքի համար»։
Հրշեջները շնորհակալություն են հայտնել մատուցողուհուն, իսկ նրանցից մեկը սոցկայքում գրառում է արել և կոչ արել իր ընկերներին ճաշել այնտեղ և աղջկան շռայլ թեյավճարներ թողնել։ Կարճ ժամանակում այդ գրառումը 3.500 «լայք» է հավաքել։
Տղաները պարզել են նաև, որ Լիզի կաթված ստացած հայրիկը հատուկ մեքենայի կարիք ունի։ Աղջիկը նույնիսկ գումար հավաքելու արշավ է սկսել համացանցում։ Հրշեջները որոշել են օգնել նրան տարածել տեղեկությունը։ Անհրաժեշտ է եղել հավաքել 17.000 դոլար, սակայն նրանց օգնությամբ հավաքվել է ավելի քան 70.000 դոլար։
«Ես պարզապես խոսքեր չունեմ։ Իմ հաշվին հրշեջներին հյուրասիրելով՝ ես հույս ունեի առավելագույնն ընկերական ժպիտ ստանալ։ Այն ամենը, ինչ նրանք արեցին, պարզապես հրաշք է»,- ասել է Լիզը։






