«Արի տուն» ծրագրի վերջին փուլով Հայաստան է ժամանել 60 երիտասարդ
ОбществоՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլին, մասնակցում են սփյուռքից Հայաստան ժամանած շուրջ 60 երիտասարդներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարբեր տարիքի երիտասարդները հայրենիք են եկել աշխարհի 12 երկրից` ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:
«Այս ծրագրով նախատեսված այցելությունները պատահականորեն չեն նախատեսված. դրանք թիրախային են: Այսօր ծրագրի մասնակիցները կայցելեն Երևանի պատմության թանգարան, որտեղ կծանոթանան մայրաքաղաքի պատմությանը, կլինեն նաև Օշական»,-ծրագրի 8-րդ փուլի բացմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյան:
Երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները կայցելեն թանգարաններ, Հայաստանի պատմամշակութային կոթողներ, կանցկացվեն հայոց լեզվի ամենօրյա դասեր: Այս տարի «Արի տուն» ծրագրի շրջանակում կկազմակերպվի նաև 4-օրյա ամառային ճամբար Ծաղկաձորում, որը կներառի հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասեր:
«Արի տուն» ծրագիրը մեկնարկել է 2009 թ. , երբ աշխարհի 14 երկրներից Հայաստան այցելեց 14-25 տարեկան 317 երիտասարդ: Իսկ2014 թ. ծրագրի շրջանակում Հայաստան այցելեցին 1071 սփյուռքահայ, ինչպես նաև 200՝ հայաստանաբնակ երեխաներ: