Պերմյակովի գործով դատական նիստը ուղղակի ծածկադմփոց էր. փաստաբան Լուսինե Սահակյան
ОбществоՎերջերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցած Վալերի Պերմյակովի դատականը գործընթացը, դասալքության և զենքի հափշտակման համար առավելագույն 10 տարի ժամկետով դատապարտումը հասարաակության շրջանում քննարկումների առիթ դարձավ: Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբանների համար անհասկանալի էր, թե ինչու է Վալերի Պերմյակովի 72–հատորանոց գործի դատավարությունն ավարտվել մեկ օրվա ընթացքում և նույն օրը դատավճիռ կայացվել։ Ինչպես հայտնում է Orer.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբաններ Երեմ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը:
«Տարօրինակ է, որ դատավարությունը մեկ օր է տևել, դատավճիռ է կայացվել։ Տպավորություն է ստեղծվել, որ կողմերը, նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որոշել են արագացնել գործընթացը և հրապարակել դատավճիռը։ Ռուսական կողմը, թվում է՝ նման կերպ ցանկանում էր ցուցադրել, որ մեկ օրում կարող է վճիռ կայացնել և մեղավորին դատապարտել ամենախիստ պատժի:Դատական այդ նիստն ուղղակի ծածկադմփոց էր ռուսական ռազմաբազայի իրական վիճակը թաքցնելուն ուղղված,Հայաստանը ռուս դասալիքների համար աքսորավայրի է վերածվել»,- իր խոսքում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Վերջինիս համար տարօրինակ է եղել Պերմյակովի հանգստությունը, ով հրաժարվել է ցուցմունք տալ դատավարության ընթացքում։ «Ավելի վաղ նրա տված ցուցմունքներն ընթերցել է դատավորը, բայց ոչ ամբողջությամբ։ Ներկայացվել են նրա ցուցմունքների որոշակի հատվածներ։ Մեզ հետաքրքրող շատ մանրամասներ չեն ներկայացվել։ Թեև հրապարակված նյութում նույնպես հետաքրքիր տեղեկություններ կային, որոնք մենք կօգտագործենք ապագայում»,– ասել է իրավաբանը՝ նշելով, որ մեղադրական կողմի խոսքը կառուցվել է հիմնականում նրա վրա, որ կատարած հանցագործության հետևանքով տուժել են հայ–ռուսական հարաբերությունները:
Տանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ փաստաբանները հայտնեցին, որ բավականին մեծ տեղեկություն կա. արդեն կախված նրանից, թե ինչպես կնկարագրի դեպքերը ռուս զինվորը, կպարզվի՝ արդյո՞ք նա է իրական մարդասպանը, թե՞ խոսում է մի բանի մասին, որից տեղյակ չէ:
Նշենք նաև, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին գործի նյութերն արդեն հանձնվել են հայկական կողմին, բայց փաստաբանները դեռ չեն կարող դրանց ծանոթանալ։ «Մենք առաջին անգամ ծանոթացել ենք Պերմյակովի ցուցմունքներին դատարանի դահլիճում։ Մենք հնարավորություն չենք ունեցել ծանոթանալու նախաքննության նյութերի բովանդակությանը, քանի որ Հայաստանի Քրեական օրենսգիրքը դա թույլ չի տալիս»,- իր խոսքում նշեց փաստաբանը:
Հայտնի չէ նաև՝ արդյո՞ք Պերմյակովը կմասնակցի հայկական կողմի դատական նիստերին: Լուսինե Սահակյանի խոսքով` Պերմյակովն անպայման կմասնակցի հայկական դատի նիստերին, քանի որ Հայաստանում չկա դատական գործընթացի անցկացման հեռակա կարգ։ «Սակայն ինձ ոչինչ հայտնի չէ այն մասին, թե ինչպես և որտեղ Պերմյակովը կկրի պատիժը»,– նշեց նա։
Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցում ռուսական և հայկական կողմերը համաձայնության կգան։ «Ինչպե՞ս մեղադրյալը կմասնակցի հայկական դատի նիստերին և, միևնույն ժամանակ, պատիժ կկրի կոնկրետ ՔԿՀ–ում: Այս հարցերն անհասկանալի են փաստաբանի համար»,- ասում է վերջինս ՝ նշելով, որ հայկական և ռուսական կողմերը պետք է համաձայնության գան այս հարցերի շուրջ: «Նա Հայաստանում կմասնակցի դատական նիստերին։ Համոզված եմ, որ այդ ամենից հետո ռուսական կողմը չի գնա ծայրահեղ միջոցների, որպեսզի տեղափոխի նրան ՌԴ` պատիժը կրելու համար։ Նման քայլը երկրում հասարակական դժգոհության նոր ալիք կառաջացնի: Պերմյակովը կմնա Հայաստանում մինչև հայկական ատյաններում դատական գործընթացի ավարտը և, ամենայն հավանականությամբ, նա այդ ժամանակ կգտնվի ռուսական ռազմակայանի տարածքում»,– խոսքը եզրափակեց Երեմ Սարգսյանը։
Անժելա Պողոսյան