Հայտնի է Երևան-Անապա միկրոավտոբուսի վթարի երկրորդ զոհի ինքնությունը
ОбществоՌուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված երկրորդ անձը 1962 թվականին ծնված Ռիտա Հովհաննիսյանն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Շարունակում է ծանր մնալ քաղաքացիներ Պողոսյանների առողջական վիճակը:
ՌԴ Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոցից «Արմենպրես»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել էին, որ հիվանդանոց տեղափոխված 13 ՀՀ քաղաքացիներից երկուսը` կին և տղամարդ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Տղամարդը բութ տրավմա է ստացել որովայնի հատվածում, ունի ճողվածք, իսկ կնոջ մոտ բժիշկները ախտորոշել են արյան զեղում և հեմատորաքս` թոքի շրջանում:
Մյուս վիրավորները գտնվում են տրավմատոլոգների և նեյրոլոգների վերահսկողության տակ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 17-ին` ժամը 06.27-ին, ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209 կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան-Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Նախնական տվյալներով` միկրոավտոբուսում եղել է 20 մարդ: Ավտոբուսի վթարի հետևանքով զեհվել էր նաև Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված):
Մինչ այժմ հայտնի է ավտովթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների մի մասին ինքնությունը (1997թ. ծնված Բրոյան Էսթեր, 1975թ. ծնված Բալգինա Սվետլանա, 1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա, 1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ, 1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն, 1963թ. ծնված Պողոսյան Վազգեն, 1969թ. ծնված Պոկույան Սերժ, 1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն, 1994թ. ծնված Հարությունյան Արծրուն, Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), 1960թ. ծնված Բեյբուոցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են):
Մյուս 5 ուղևորները շարունակել են իրենց ճանապարհը: