Չնայած աննախադեպ և տևական շոգին` ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման շրջանն ավարտելու համար
ОбществоՀաշվի առնելով աննախադեպ և տևական շոգ եղանակային պայմանները` ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից, ի կատարումն ՀՀ Նախագահի և վարչապետի հանձնարարականների, աշխատանքներ են իրականացվում ինչպես ոռոգման ջրամատակարարման, այնպես նաև հանգստյան գոտիների, ցայտաղբյուրների, շատրվանների, հակահրդեհային հիդրանտների ծավալների անխափան ու հաստատուն ռեժիմների ապահովման ուղղությամբ:
Չնայած 2015 թվականի ընթացքում գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներն ավելացել են 6 հազար հեկտարով, որից 3.7 հազար հա-ն՝ բանջարաբոստանային, 1.2 հազար հա-ն՝ կարտոֆիլ, 0.5 հազար հա-ն՝ ծխախոտ ու արևածաղիկ և 0.6 հազար հա-ն՝ կերային մշակաբույսեր, ջրամատակարարման գրաֆիկներից էական շեղումներ չեն եղել: Լրացուցիչ ցանքատարածությունները և շոգ եղանակային պայմանները մեծացրել են ջրի պահանջարկը: Կոմիտեն մինչև օրս բավարարել է բոլոր հայտերը, իսկ առկա ջրային ռեսուրսները բավարար են ոռոգման ողջ շրջանն ավարտելու համար:
Ջրամատակարարմանը զուգահեռ, մշտապես իրականացվում են վթարարավերականգնողական աշխատանքներ, անգամ խոշոր վթարները (օրինակ՝ Կոտայքի և Ամբերդի ջրատարների) վերականգնվում են սեղմ ժամկետներում: Հիմնական ջրամբարներում առկա ջրաքանակները, Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի օրենքով նախատեսված չափաքանակի մնացորդը, պոմպակայանների և խորքային հորերի ողջ հզորությունների օգտագործումը, ինչպես նաև ջրի արդյունավետ, օպերատիվ և նպատակային կառավարման մեխանիզմների կիրառումը հնարավորություն են տալիս թե՛ մեխանիկական, թե՛ ինքնահոս եղանակներով ապահովել առկա ջրապահանջը:
Բնակչության շրջանում առկա խնդիրներին, մտահոգություններին, առաջարկություններին արագ արձագանքելու նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ինտերնետային կայքում բացված է թեժ գիծ (010-54-01-35):