Դեսպան Թումանյանն իրանցի պաշտոնյաների հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի խորացման հարցը
ОбществоԻրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 17-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Իրանի ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության նախագահ Մոհամմադ Խազայիի և արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիալլահ Աֆխամիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն առանձնացրել է երկու հանգամանք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար` երկկողմ ապրանքաշրջանառության ակտիվացման նպատակով առևտրի ռեժիմների վերանայման նշանակությունը և փոխադարձ ներդրումներին պետական աջակցության կարևորությունը՝ հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության և Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության հանգամանքները:
Իր հերթին փոխնախարար Աֆխամին նշել է, որ ստեղծված նոր պայմաններում Իրանը շահագրգռված է զարգացնելու իր տնտեսական հարաբերությունները` առաջին հերթին հարևան երկրների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: