Պետական ծառայողը պարտավոր է օրը գոնե մի քանի անգամ մարդկանց մատից փուշ հանել. Արմեն Աշոտյան
Общество«Բազե-2015» հավաքի երկրորդ օրը` օգոստոսի 18-ին, մեկնարկել են մշակութային, սպորտային և ինտելեկտուալ մրցույթները։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, նկարչության մրցույթի ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը, տեղեկացրել է, որ ներճակատային մրցույթում մասնակիցներին տրվել է «Հայաստան» թեման, որի շուրջ երիտասարդ նկարիչները պետք է կտավին հանձնեին իրենց պատկերացումները։ Ժյուրին աշխատանքների ընտրությունը կատարելիս հաշվի է առնում ինչպես հեղինակի մտածողությունը, երևակայությունը, այնպես էլ՝ վարպետությունը, տեխնիկան։ Գնահատելով հավաքի մասնակիցների աշխատանքները՝ Անատոլի Գրիգորյանը նշել է, որ դրանք բավականին լավն են։ Նա հատկապես ընդգծել է, որ երիտասարդ նկարիչների թվում շատ են աղջիկները։
«Բազե» հավաքի մասնակիցները, բացի մրցույթներից, հանդիպումներ են ունենում պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Օգոստոսի 18-ին բազեականները հյուրընկալել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է բազմաբնույթ հարցերի։ Նա իր խոսքում նշել է, որ լինելով «Բազեում»՝ մտովի 13 տարի հետ է դառնում. «2002թ. առաջին անգամ «Բազեն» ճախրեց երկնքում, և ես շատ ուրախ եմ, որ երիտասարդական այս հավաքը դարձել է ավանդույթ՝ վերածվելով շարժման»։
Նախարարի հետ հանդիպմանը երիտասարդներին հետաքրքրել է, թե ինչն է Արմեն Աշոտյանին աշխատելիս ուժ տալիս։ Ի պատասխան ԿԳ նախարարը նշել է, որ իրեն ուժ է տալիս մարդկանց օգնելու հնարավորությունը։ «Բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, և կախարդական փայտիկի բացակայությունը հիասթափություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր քեզնից ակնկալիք ունեն։ Բայց ամեն օր աշխատանքի գնալիս հասկանում ես, որ գոնե մի հոգու հարց կարող ես լուծել։ Եվ այդ մի հոգու հարցի լուծումը լիցքավորում է։ Ես լիցքավորվում եմ այն մարդկանց ճակատագրերով, որոնց հետո տեսնում եմ շնորհակալ, երախտապարտ, մոռացած կամ ապերախտ։ Պետական ծառայողը պարտավոր է օրը գոնե մի քանի անգամ մարդկանց մատից փուշ հանել»,- ասել է ԿԳ նախարարը։
ԿԳ նախարարը, պատասխանելով հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթության իրավունքի մասին հարցին, նշել է, որ ինքը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Հայաստանում ընդհանուր ներառական կրթական համակարգի կողմնակիցն են։ Սա նշանակում է, որ մենք պետք է ստեղծենք կրթական համակարգ, որտեղ յուրաքանչյուր երեխա, անհատ, պատանի, երիտասարդ իր կարողություններին համապատասխան կարողանա գիտելիք ստանալ։ Նախարարը շեշտել է, որ այստեղ խնդիրը միայն ֆինանսական չէ, հարցը նաև հոգեբանական է։ Նա տեղեկացրել է, որ մինչև 2023թ. Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դ առնան ներառական՝ ընդունելով սահմանափակ կարողություններով կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների։ Ամեն երեխա Հայաստանում, անկախ իր ֆիզիկական և հոգեկան սահմանափակումներից, պետք է ունենա իր համար համարժեք կրթության իրականացման պայմաններ։
Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև այլ հարցերի, որոնք վերաբերել են կրթության մատչելիությանը, 12-ամյա կրթությանը, Ջավախքի կրթական հիմնախնդիրներին, զինծառայողների կրթության հնարավորություններին և այլն։