Զորամասի նվագախմբի տղաների ծառայության առանցքում զինակից ընկերներին ուրախացնելն է
ОбществоԲերդի N զորամասի զինվորական նվագախմբի ջոկի հրամանատար Լևոն Համբարձումյանը մեկ տարվա ծառայությունից հետո վստահաբար նշում է, որ ավելի ինքնուրույն ու պատասխանատու է դարձել: Նվագախմբում է ծառայում երաժշտական գործիքներից կլառնետին տիրապետելու շնորհիվ: Ապրելով Երևանում` հաճախել է երաժշտական դպրոց, այնուհետև անհատական պարապմունքների գնացել: Ինչով է տարբերվում նվագախմբի անդամների բանակային առօրյան մյուս զինվորների ծառայությունից հա րցին ի պատասխան` Լևոնը նշում է. «Նվագախմբի առօրյան համարյա ոչնչով չի տարբերվում մյուս ստորաբաժանումների առօրյայից, ճշգրիտ պահպանվում է բանակի կարգուկանոնը, միայն նրանով ենք առանձնանում, որ մենք երաժիշտ-մասնագետներ ենք, մեր գործն էլ նաև մարդկանց ուրախացնելն է»:
Նրա խոսքով, զորամասում ունեն ակումբ, որտեղ ամեն կիրակի միջոցառումներ են անցկացնում զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու համար: «Նվագախմբում ամբողջ գնդից են ներկայացված մասնակիցներ, գնդում կա գեղարվեստական ինքնագործ խումբ, ներգրավված են և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները, և մյուս վաշտերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Լևոն Համբարձումյանը:
Ազատ ժամանակ զինվորները ձեռքի աշխատանքներ են պատրաստում, զորամասն են բարեկարգում: Լևոնի խոսքով` մաքրությունն ու կոկիկությունը մարդու երեսն են, ամենաշատը դրան են ուշադրություն դարձնում զինվորները: Այն, որ բանակում տարբեր տարածաշրջանների երիտասարդներ են հավաքվում` իրենց հետ բերելով նոր մտածելակերպ, մշակույթ, Լևոնի խոսքով`նոր ճանաչողության հիմք է: «Նոր բառեր ու բարբառ եմ սովորել, այնպիսի գյուղեր կան, որոնց մասին չէի էլ լսել, հետաքրքրել է, հարցրել եմ, գիտեմ: Այս ամենը ճանաչողություն է տալիս»,-շեշտում է զինվորը:
Ամենահիշվող իրադարձություններից մեկն էլ Լևոն Համբարձումյանի համար Բերդի մշակույթի տանը կազմակերպված «Վանա կատու» անվանմամբ ներկայացումն էր, որը զինվորների մտածողությունն է փոխել: «Շատ տպավորիչ ներկայացում էր, ամեն ինչ ճիշտ էր մատուցված ու թիրախային լսարանն էլ էր ճիշտ ընտրված: Հիմնականում բանակայինների համար էր դա: Արևմտյան Հայաստանի հողերի մասին էր, որ հողերը մոռացվել են, շատ հայեր արդեն հավակնություն չունեն դրանց նկատմամբ, շատերը ասում են` էլ մերը չի: Այդ ներկայացումն ամբողջովին փոխեց բոլորի պատկերացումները, ես նրանց դեմքերից հասկացա»,-ասում է Լևոնը:
Ապագայի համար պլանները հստակ են. ծառայությունն ավարտելուց հետո Լևոն Համբարձումյանը պատրաստվում է շարունակել ուսումն ու դառնալ պատմաբան:
Լևոն Համբարձումյանի հետ զրույցը կայացավ Բերդում անցկացվող Մեղրի և հատապտուղների փառատոնի ընթացքում, որտեղԼևոնն ու զինակից ընկերները հանդես էին գալիս կատարումներով:
Հ. Գ. Լևոնը չցանկացած լուսանկարվել միայնակ` դրա փոխարեն առաջարկեց նյութում զետեղել խմբանկար, որտեղ նա նվագախմբի ջոկի զինվորների հետ է: Խնդրեց լուսանկարն էլ վերանագրել` «Նվագախմբի տղաները»:
Նկարում ձախից աջ` Հովսեփ Խաչատրյան, Հովհաննես Վարդանյան, Լևոն Համբարձումյան, Հայկ Ալթումյան
Պատրաստեց Անի Նազարյանը