Արգենտինացի երգահանները Ռուբեն Սեւակի բանաստեղծությունների հիման վրա երաժշտական ստեղծագործություն են գրել
КультураԱրգենտինայում ավանդական դարձած «Encuentros 2015» միջազգային փառատոնի ժամանակ հարգանքի տուրք կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արգենտինայի հայ համայնքից, փառատոնի շրջանակում օգոստոսի 31-ին կայանելու է «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործության պրեմիերան` նվիրված անմեղ նահատակների հիշատակին: Ստեղծագործության հեղինակներն են արգենտինացի կոմպոզիտորներ Խուան Մարիա Սոլարին եւ Ռաֆֆի Ավագյանը:
Դեռեւս ամիսներ առաջ «Արգենտինայի ժամանակակից երաժշտության» միջազգային հիմնադրամը նրանց առաջարկել էր ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երաժշտական ստեղծագործություն գրել, որը պետք է արտահայտեր հայ ժողովրդի մեկդարյա ցավն ու տառապանքը: Երգահաններն ընտրել են Ռուբեն Սեւակի բանաստեղծություններն ու դրանցից մի քանիսի հիման վրա գրել «Վերջին օրորոցային» երաժշտական ստեղծագործությունը: