Որքանով է ընդունելի Հայոց ցեղասպանության թանգարանից ոչ հեռու զվարճանքի վայր կառուցելը. մեկնաբանում է ՀՀԿ-ական պատգամավորը
ИнтервьюԻնչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ ՍՊԸ–ին։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստի ընթացքում ներկայացրել է նախատեսված ծրագիրը: «Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել չորս տարվա ընթացքում և ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- նշել է նախարարը: Վերոնշյալ որոշումը, ինչ խոսք, մեծ աղմուկ եւ դժգոհություն առաջացրեց հասարակության տարբեր խավերի մոտ, ինչի շուրջ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ.
«Նախ՝ ուզում եմ ասել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը շատ մեծ կառույց է, որն անպայման պետք է ունենա սեփականատեր, որպեսզի կարողանա լուծել առաջ եկած բոլոր խնդիրները: Համալիրն այս կարգավիճակով չի կարող երկար գոյատեւել, պետք է լինի մեկը` թեկուզ իրավաբանական անձ, ով ներդրումներ կանի՝ շահագործման հանձնելով կառույցը»,- նշեց պատգամավորը:
Նրա կարծիքով՝ այդ մեծ կառույցը շահագործելու համար պետք է լուրջ ներդրող գտնվի, եւ եթե պետությունը գտել է նման անձի, ապա անպայման հարկավոր է վաճառել այն. «Գնորդի առաջ պետք է դնել որոշակի պայմաններ, որպեսզի պայմանագրով նշված ժամկետներում իրականացվեն համապատասխան ներդրումներ»,- ասաց պատգամավորը:
Ըստ Կարինե Աճեմյանի՝ շատ դեպքերում տարբեր նախագծերի ձախողումների պատճառը ոչ գրագետ մենեջմենթն է կամ քիչ ներդրումները, ինչի հետևանքով էլ հետագայում բարդություններ են առաջանում: Ներդրումներից անցում կատարելով համալիրը զվարճանքի կենտրոն վերածելուն՝ պատգամավորը ասաց հետևյալը. «Երբ տեղեկացա, որ այնտեղ լինելու է ընտանեկան զվարճանքի վայր, մտածեցի, որ այդպիսիք շատ կան արտասահմանում, նաեւ ԱՊՀ որոշ երկրներում: Իսկ խաղերը պատկերացրեցի մանկական զվարճանքների ձեւով, որոնք նախատեսված են երեխաների համար, այլ ոչ թե խաղատների եւ այլնի տեսքով: Չեմ կարծում, որ այդտեղ խաղատուն կգործի, որովհետեւ եթե այդպես լինի, ապա մենք պետք է համապատասխան օրենքում փոփոխություն անենք: Գիտենք, որ քաղաքի որոշակի վայրերում պարզապես արգելված են խաղատների շահագործումը»,- նշեց վերջինս:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարանից ոչ հեռու զվարճանքի կենտրոն կառուցելուն՝ Կարինե Աճեմյանն ասաց, որ ոչ ոք չի մտածում, որ Ցեղասպանության թանգարանի կողքին պետք է խաղատներ լինեն. «Եկեք չմոռանանք, որ ժամանակին այդ համալիրը նախատեսված էր ե'ւ համերգների, ե'ւ շոուների համար: Կարծում եմ, որ այս պարագայում կառավարությունը ճիշտ որոշում կկայացնի եւ այն պայմանագիրը, որը կկնքվի ներդրողի հետ կլինի ի օգուտ այդ կառույցի եւ հասարակությունն էլ դժգոհություն չի ունենա, իսկ պետության բեռն էլ կթեթեւանա»,- ասաց Կ. Աճեմյանը:
Սոսե Չանդոյան