«1915» ֆիլմը կմասնակցի Թուրքիայում անցկացվելիք «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնին
КультураՍեպտեմբերի 1-ից Թուրքիայում մեկնարկող ամենամյա «Վանա լիճ» միջազգային կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմը:
Ինչպես տեղեկացնում է «Asbarez»-ը, այս տարի կինոփառատոնը կկրի «Մշակութային ժառանգություն» խորագիր:
Սա առաջին անգամ է, երբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում: 2006թ. թուրքական հեռուստաընկերությունը հրաժարվել էր ցուցադրել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը: Հետագայում այն ցուցադրվեց, սակայն խմբագրված տարբերակով եւ կոտորածի ու գաղթի բազմաթիվ տեսարաններ հանվեցին:
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 24-ին ԱՄՆ-ում: Հոգեբանական թրիլլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար:
Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը (կերպարը՝ Սիմոն), Սեմ Փեյջը (Ջեյմս) և Անժելա Սարաֆյանը (Անժելա):
Ֆիլմը հետևում է մի մարդու բարդ առաքելությանը, ով ցանկություն ունի կյանք վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին: