Իրանի և Արևմուտքի հարաբերությունների կարգավորումը լավ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար. Արման Նավասարդյան
ОбществоԱնընդհատ փոփոխվող աշխարհում հատկապես փոքր պետությունները պետք է կարողանան դիվանագիտորեն մանևրել եւ փորձել դուրս գալ գերտերությունների բախումներից անվնաս ու հնարավորության սահմաններում դիվիդենտներով: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղղության վրա է: Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա գնահատմամբ` ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի որդեգրած կոմպլեմենտար քաղաքականությունն ամենաճիշտն է:«Հայաստանի որոշումն անդամակցել ԵԱՏՄ-ին շատ ճիշտ էր: Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը դա հասկացավ»,- ասաց Արման Նավասարդյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա հարաբերությունները պահպանել թե՛ Արեւմուտքի, թե՛ Արեւելքի հետ:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` Նավասարդյանը շեշտում է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի համար ստեղծվել է լավ հնարավորություն զարգանալու համար: Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների նորմալացումը աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների սկիզբն է եւ այդ փոփոխությունների համատեքստում Հայաստանը շատ կարեւոր դերակատարում ունի:
«Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը հնարավոր է եւ Հայաստանը պետք է օգտվի ներկա զարգացումներից: Սա լավ հնարավորություն է եւ հատկապես խոշոր տնտեսական ծրագրերը կարող են կյանքի կոչվել: Օրինակ, հայ-իրանական երկաթուղու նախագծի իրականացման առնչությամբ լուրջ նախագծեր ունի նաեւ Չինաստանը, եւ եթե նախագիծն ու Մետաքսի ճանապարհն իրականություն դառանան, ապա Հայաստանի միջոցով Արեւմուտքը կկապվի Արեւելքին»,- ասաց Նավասարդյանը` հավելելով, որ այդ առնչությամբ կան լուրջ խնդիրներ` օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն պետք է կենտրոնանալ ոչ թե խնդիրների վրա այլ հնարավորությունների: Նավասարդյանը շեշտում է, որ հայ-իրանական քաղաքական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում, քան ադրբեջանա-իրանականը, եւ սա կարեւորագույն խաղաքարտ է Հայաստանի ձեռքում: