Սահմանադրության նախագծով առաջին անգամ ամրագրվել են մի շարք իրավունքներ. Հանձնաժողովի հիմնավորումը
ОбществоՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության նախագիծը վերացրել է 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո, այնուամենայնիվ, մնացած բացերը:
Ինչպես նշված է հանձնաժողովի հիմնավորումների փաստաթուղթում, առաջարկվող նախագծում առաջին անգամ ամրագրում են երեխայի իրավունքները, մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, պատվի և բարի համբավի, այլընտրանքային ծառայության, քաղաքական ապաստանի և պատշաճ վարչարարության իրավունքները, պետության կողմից պատճառված վնասի հատուցման պարտականությունը: Անձի քրեաիրավական պաշտպանության երաշխիքների տեսանկյունից կարևոր նշանակություն ունի մեղքի սկզբունքի և պատժի նշանակման ժամանակ համաչափության սկզբունքի ամրագրումը:
Ըստ այդ փաստաթղթի` նախագծում արմատական վերանայման է ենթարկվել հիմնական իրավունքների սահմանափակումների խնդիրը։ «Դա վերաբերում է ինչպես հիմնական իրավունքների սահմանափակման հիմնական ձևի՝ օրենքի վերապահման ամրագրմանը, այնպես էլ սահմանափակումների հիմքերին։ Հատուկ կարևորություն ունի նաև սահմանափակումներին ներկայացվող պահանջների հստակեցումը։ Սահմանափակումն օրենքին վերապահելն օրենսդրի իրավասությանն է թողնում հանրության կամ այլ անձանց շահերի հետ բախումը կանխելու և տարբեր շահերն ու իրավունքները միմյանց հետ համաձայնեցնելու խնդրի լուծումը։ Գործող Սահմանադրությունը հիմնականում որդեգրել է օրենքի որակյալ վերապահման տեխնիկան, որը սահմանում է համապատասխան հիմնական իրավունքի սահմանափակման որոշակի հիմքեր։ Հիմնական խնդիրն այստեղ այն է, թե ինչպես պետք է ամրագրվեն այդ սահմանափակումների հիմքերը։ Դրանք կարող են լինել ընդհանուր՝ սահմանափակման ենթակա բոլոր իրավունքների համար (Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասի նման), կամ հատուկ՝ յուրաքանչյուր հիմնական իրավունքի համար (ինչպես, օրինակ, Սահմանադրության 26-րդ հոդվածի 2-րդ մասում)։ Նախագիծը հրաժարվել է հիմնական իրավունքների ընդհանուր սահմանափակումներից՝ նախատեսելով յուրաքանչյուր հիմնական իրավունքի սահմանափակման հիմքերն առանձին: Այս մոտեցումը թույլ է տալիս հաշվի առնել յուրաքանչյուր հիմնական իրավունքի սահմանափակման առանձնահատկությունները, ինչն ակնհայտորեն ավելի նախընտրելի է հիմնական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Նախագիծը գործող Սահմանադրության և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համեմատ ընդլայնել է այն հիմնական իրավունքների և ազատությունների թիվը, որոնք ենթակա չեն սահմանափակումների արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ (նախագծի 76-րդ հոդված)»,- ասված է փաստաթղթում: