Դատաբժշկի եզրակացությունը պետք է հրապարակեն. Տ. Սարգսյանը` Ա. Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին
ИнтервьюԻնչպես տեղեկացրել էինք, Air Armenia ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանը օգոստոսի 15-ի երեկոյան ծեծի էր ենթարկվել ՀՀՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ դաժան ծեծի հետևանքով Ա. Ավետիսյանը ստացել էր քթի ոսկրի կոտրվածք` թեթև տեղաշարժով և ազդրի թիակի թեթև սալջարդ: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում կողմերը եկել էին հաշտության, ինչն էլ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների մոտ բողոք էր առաջացրել: Ինչպես տեսնում ենք, ծեծի ենթարկվելն ու հետո հաշտվելը առանձնակի հաճույք է ոմանց համար, սակայն արդյոք այս պարագայում հաշտության գալը կփրկի՞ ենթադրյալ հանցագործներին ազատվել քրեական պատասխանատվությունից, հատկապես երբ հանցագործությունը տեղի է ունեցել մի խումբ մարդկանց աչքի առաջ:
Խոսելով կատարված հանցագործության վտանգավորության եւ տուժողին պատճառված առողջական վնասների ծանրության աստիճանի մասին՝ «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար, իրավաբան Տիգրան Սարգսյանը նշեց, որ ինքը գործի մանրամասներին ծանոթ չէ ու չի կարող ասել, թե ինչ աստիճանի վնասվածք է տուժողին հասցրվել: «Սակայն, առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կարող եմ ասել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջությանը թեթեւ, միջին եւ ծանր վնաս պատճառելու համար: Ծանրության աստիճանը, իհարկե, որոշվում է փորձաքննության միջոցով: Վարույթ իրականացնող մարմինը նշանակում է փորձաքննություն եւ համապատասխան կրթություն ունեցող մասնագետը կամ մասնագետների խումբը տալիս են իրենց եզրակացությունը»,- ասաց նա:
Իրավաբանը, անդրադառնալով կողմերի միջեւ հաստատված հաշտությանը, նշեց, որ եթե պատճառված վնասը թեթեւ է կամ միջին, ապա դա մասնավոր մեղադրանքի գործ է եւ եթե կողմերը հաշտվում են, հետեւաբար, քրեական հետապնդումը դադարեցվում է: «Սակայն, եթե առողջությանը պատճառվել է ծանր վնաս, ապա դա հանրային մեղադրանքի գործ է եւ անկախ նրանից՝ կողմերը հաշտության կգան, թե ոչ, քրեական հետապնդումը շարունակվելու է եւ հանցագործություն կատարած անձը կամ անձինք ենթարկվում են քրեական պատասխանատվության»,- ասաց իրավաբանը: Մեջբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը՝ Տիգրան Սարգսյանը մանրամասնեց, թե որ դեպքում է տուժողի առողջությանը պատճառված վնասը համարվում ծանր՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում»: Ինչ վերաբերում է գործի հետագա ընթացքին, ապա իրավաբանը կարծում է , որ ամեն բան պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունը հրապարակելուց հետո:
«Դատաբժշկական եզրակացությունը հրապարակելուց հետո միայն պարզ կլինի, թե գործն ինչ ընթացք կունենա: Տվյալ եզրակացությունը նախաքննական գաղտնիք չի կարող լինել, քանի որ դա բժշկի եզրակացություն է: Նախաքննական գաղտնիքները սովորաբար նրա համար են, որ ենթադրյալ հանցագործը չկարողանա ապացույցները թաքցնել, հետքերը վերացնել եւ այլն: Կարծում եմ, որ դատաբժշկի եզրակացությունը պետք է հրապարակեն»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան