Ծովասարցիները հիմնանորոգում են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին
ОбществоԳեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բարերաների նվիրատվությամբ փլատակներից վեր է հառնում գյուղի պատմական հուշարձաններից մեկը` 1882 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Ինչպես տեղեկացրեց Ծովասարի գյուղապետԱրտաշես Մխիթարյանը, շինարարական եւ վերականգնողակա ն աշխատանքները սկսվել եւ ընթանում են ավելի քան կես ամիս: Հուշարձանի վերականգնման համար գումար են հանգանակել արտերկրում աշխատող մի խումբ գործարարներ, որոնց նախաձեռնությանը միանում են նաեւ շատ ծովասարցիներ: Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կատարվում է իր պատմաճարտարապետական հին տեսքով, որին կավելանա է միայն թիթեղյա ծածկը:
Ծովասարի բազիլիկ եկեղեցու պատմաճարտարապետական նախկին տեսքը պահպանելու համար գյուղապետարանը համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ:
«Նախագիծը պատվիրված է, շինարարությունն ընթանում է առանց ընդհատումների: Պահպանվում են փայտեսյուները, որոնց վրա հավաքվում է փայտյա ծածկը: Վերականգնվում է քարե սալիկապատ հատակը, տեղադրվելու է բազալտակուռ զանգակատունը: Մոտ մեկամսից գյուղի համար կարեւորագույն հուշարձանի եւ հավատի տանվերականգնումն ավարտված կլինի»,- հավաստեց համայնքի ղեկավարը:
Ծովասար գյուղի բնակիչ, վաստակաշատ մանկավարժ, ազգագրագետ, մի քանի փաստավավերագրական գրքեր հեղինակած Դերենիկ Գեւորգյանի ներկայացմամբ` Սուրբ Աստվածածին եկեղեցին Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից գաղթած եւ Սեւանի ափին վերահաստատված գյուղի բնակիչների համար հավատի տուն է ծառայել մինչեւ նախորդ դարի 30-ական թվականները, որից հետո այն վերածվել է կոլեկտիվ տնտեսության պահեստի: Ըստ հավաստի տվյալների` այն կառուցել են հույն շինարարները, ովքեր տարածքին մոտիկ պատմական գերեզմանոցից բերել են սրբատաշ խաչքարեր եւ օգտատործել եկեղեցու պատերի շինարարության մեջ: Պատկերազարդ եւ չափերով մեծ մի խաչքար էլ տեղադրվել է խորանի պատի մեջ:
«Շինարարներն ավելի քան ութ մեքենա հող են դուրս թափել եկեղեցուց: Վերականգնումն ընթանում է հուշարձանի նախկին տեսքին համահունչ, ամենայն բծախնդրությամբ ու բարեխղճությամբ:Մոտ է պահը, երբ ութ տասնամյակ լռության մատնված Աստծո տունը կրկին կլցվի աղոթքով, հավատավորների բազմությամբ, ժամերգությամբ, պատարագով:Սա Աստվածային գործ է, հայրենի հավատին ծառայող, ազգը միավորող գործ»,- նշեց Դերենիկ Գեւորգյանը:
Խոսրով Խլղաթյան