Հայաստանի հարկադիր կատարողները Նովգորոդում մասնակցում են «Հիշատակի հերթափոխ-2015» միջոցառմանը
ОбществоՀայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մասնակցում են Ռուսաստանի Նովգորոդի մարզի Պարֆինո շրջանում օգոստոսի 22-ին մեկնարկած «Հիշատակի հերթափոխ-2015» միջազգային ուսումնագործնական հավաքին: Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին և պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը:
Ինչպես տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, միջոցառման բացմանն ընթերցվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշվել է. ««Հիշատակի հերթափոխ» ծրագրի շրջանակներում երիտասարդների մոտ հայրենասիրական գիտակցության, նրանց հայրերի, պապերի նկատմամբ հավատարմության զգացումի, քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամության ձևավորման մասով իրականացվող պարբերական և նպատակաուղղված աշխատանքն օգնում է երիտասարդ սերնդին աշխարհայացքի, որոշակի արժեքային կողմնորոշումների, կենսական դիրքորոշման, ինքնորոշման ունակության ձևավորման հարցում»:
Սա Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական հինգերորդ հավաքն է` Սմոլենսկի, Բրյանսկի, Կալուգայի և Օրլովի մարզերից հետո, որտեղից Հայաստանի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները վերադարձել են շնորհակալագրերով և պատվոգրերով:
Չորս տարի առաջ համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1919թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանի գերեզմանը, ով 1942 թվականից անհայտ կորած է համարվել: Նրա աճյունը թաղված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում: Հայաստանի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները Հայաստան վերադառնալով` Ավետիք Հովհաննիսյանի հարազատներին են հանձնել վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվել են զոհվածի շիրիմի գտնվելու վայրը: