Վենետիկի հանձնաժողովի անդամներն ակնկալում են իրենց առաջարկությունների կատարումը
ОбществоՎենետիկի հանձնաժողովի անդամները վստահ են, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության վերջնական տարբերակում հաշվի կառնվեն իրենց առաջարկությունները: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ այդպիսի համոզվածություն ձեռք են բերել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ունեցած քննարկումների արդյունքում:«Մենք քննարկումներ ենք ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել ենք կոնկրետ առաջարկություններ ու պատասխաններ ենք ստացել, որ դրանք հաշվի են առնվելու: Ելնելով այն խոսքերից, որ հնչեցվել են` մենք վստահություն ունենք, որ տեքստում լինելու են էական փոփոխություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գրաբենվարտերը:
Անդրադառնալով 89-րդ հոդվածի բովանդակությանը, որը ՀՀ նախագահին ներկայացված վերջնական տարբերակում որոշակի փոփոխությունների է ենթարկվել` Վենետիկի հանձնաժողովի անդամը նշեց, որ տեղյակ են կատարված փոփոխություններից ու դա համարում են իրենց առաջարկության արձագանքը հայաստանյան հանձնաժողովի կողմից: «Մենք տեքստ չենք առաջարկում, պարզապես հայտնում ենք, թե մշակված տեքստը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, թե ոչ: Այդ փոփոխությունն արձագանքն է մեր մոտեցմանը: Մենք առաջարկում ենք 89-րդ հոդվածից հանել չորրորդ, հինգերորդ ու վեցերորդ մասերը»,-ավելացրեց Քրիստոֆ Գրաբենվարտերը:
Հնչեցված հարցին, թե ներկայաված Սահմանադրությունը որքանով կապահովի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումն ու զարգացումը, Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանեց. «Խնդիրը նրանում է, որ մենք չենք կարող չափել ժողովորդավարությունը: Մենք չենք կարող ձեզ վկայագիր տալ, որ երկու-երեք տարի հետո ձեր երկրում ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի, քան այսօր է: Մենք կարող ենք նայել տեքստին ու գնահատել, թե որքանով է այն համապատասխանում սահմանադրական իրավունքի ոլորտում լավագույն պրակտիկային: Կան որոշակի փոփոխություններ, որոնք գնում են դրական ուղղությամբ, կան էական կետեր, որոնց առնչությամբ մենք բարձրացրել ենք մեր մտահոգությունները, որ դեռևս չենք հասել լավագույն պրակտիկային»,- ընդգծեց եվրոպացի փորձագետը` հավելելով, որ իրենք ընդամենը բարձրացնում են հարցեր այն դրույթների մասին, որոնք չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին:
Օգոստոսի 25-ին Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման ՀՀ սահմանադրական փոփոխության նախագիծն է:
Հանդիպմանը ներկա էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ:
Օգոստոսի 24-ին «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին ընդունել է ՀՀ նախագահը` բարձր գնահատելով Վենետիկի հանձնաժողովի օժանդակությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: