Արմավիրի «Տորպեդո»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Սուրեն Մկրտչյանը
ОбществоՌուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Արմավիրի «Տորպեդո»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Սուրեն Մկրտչյանը: «Ես հաճույքով ընդունեցի Արմավիրի «Տորպեդո»-ի բաժնետերերի առաջարկը: Այս թիմն իմ հարազատ քաղաքից ու երկրամասից է: Այդ պատճառով ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է սկսել աշխատանքը մեր ակումբում: Ես կցանկանայի, որ Արմավիրը հպարտանար իր թիմով, իսկ յուրաքանչյուր հանդիպումը դառնար տոն քաղաքի բնակիչների համար: Իրենց հավատքով և ֆուտբոլի նկատմամբ սիրով արմավիրցիներն արժանի են դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է Մկրտչյանը:
Սուրեն Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին Արմավիրում: 2008-ից 2013 թվականներին զբաղեցրել է Կրասնոդարի «Կուբան»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2013-ից 2015 թվականներին եղել է կրասնոդարյան ակումբի տնօրենների խորհրդի անդամ:
Արմավիրի «Տորպեդո»-ի բարժենետերերից մեկը հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանն է, ով հանդիսանում է նաև «Կուբան»-ի և Երևանի «Բանանց»-ի հովանավորը:
«Տորպեդո»-ն իր պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է ստացել հանդես գալու ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնությունում: Թիմի գլխավոր մարզիչն է նախկինում անվանի ֆուտբոլիստ Վալերի Կարպինը: Ակումբի նախագահն է Երևանի «Ուլիս»-ի ղեկավար, ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանը: