Ճարտարապետներին հայտնի չէ, թե ռեստորաններն ու հյուրանոցները համալիրին կից որ տարածքում են կառուցվելու
ОбществоՃարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին հայտնի չէ, թե Մարզահամերգային համալիրի գնորդը` «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը համալիրին կից որ տարածքում է զվարճանքի կենտրոններ, հյուրանոցներ ու խանութներ կառուցելու: Մինասյանը միայն տեղյակ է, որ ընկերությունը նոր է եւ խոստացել է ներդրումային ծրագրեր կատարել, սակայն ի՞նչ մասշտաբի ու ո՞ր հատվածում`հայտնի չէ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մինասյանը շեշտում է, որ հարցը այժմ գտնվում է միության օրակարգում եւ ճարտարապետները շատ հաճախ քննարկումներ են կազմակերպում համալիրի ապագայի վերաբերյալ:
«Մենք գիտենք` հստակ ինչ է կառուցվելու, բայց այդ 9 հա որտե՞ղ են առանձնացրել եւ դա մտնո՞ւմ է այդ արգելափակիչ գոտու մեջ` չգիտենք: Մեզ համար մտահոգիչ է, եւ եթե տեսնենք, որ ամենափոքր չափով անգամ վնասելու է Մարզահամերգային համալիրին եւ Ցեղասպանության թանգարանին, մենք անպայման մեր խոսքն ասելու ենք»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ մտավախություն ունի, որ զվարճանքի կենտրոնները կկառուցվեն Ցեղասպանության թանգարանին կից, ինչն անթույլատրելի է: Ըստ ճարտարապետի` դա մեծ հարված կլինի հայ ժողովրդին առաջին հերթին բարոյական հարթության վրա, քանի որ համալիրն ու Ծիծեռնակաբերդը ընկալվում է մեկ միասնական եւ անձեռնմխելի կառույց, որին ձեռք տալ կամ նրա տեսքն աղճատել անթույլատրելի է: