«Դվին» հյուրանոցում կատարվել է 3 մլն 900 հազար դոլարի ներդրում
ОбществоԵրևանի «Դվին» հյուրանոցի գնորդը 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում գերակատարել է պայմանագրային պարտավորությունների կատարման մասով: Հյուրանոցում արդեն կատարվել է 3 մլն 900 հազար դոլարի ներդրում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
««Դվին»-ի վերակառուցման աշխատանքները պետք է ավարտվեին 2016թ-ին, սակայն նախատեսվածից ավելի կառուցապատման և ամրացման աշխատանքներ պահանջվեցին, ուստի ավելի շատ ներդրումներ կարվեն և շատ հավանական է` հետաձգվի աշխատանքների ավարտի ժամկետը»- ասաց Սահակյանը:
2003 թվականին «Դվին» հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։ Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ օրս որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել:
Պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ է ստանձնել 16 գնորդ, որոնց պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 241 մլն 378 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 7 աշխատատեղ:
Նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել է 15 գնորդ, որոնց ներդրումները կազմել են 261 մլն 182 հազար դրամ: Սոցիալական երաշխիքների ապահովման մասով ստեղծվել է 30 աշխատատեղ: Միայն մեկ գնորդ սահմանված ժամկետում չի կատարել նախատեսված ներդրումները, որը կազմել է 2 մլն 666 հազար դրամ: Գործը ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում է, հաշվարկվել է 533 հազար դրամի տուգանք: