«Ազգային երգ ու պար» առարկան այս ուսումնական տարում կդասավանդվի ևս 50 դպրոցներում
ОбществоԵրևանի քաղաքապետարանի ենթակայության ևս 50 դպրոցներում այս ուսումնական տարում «Ազգային երգ ու պար» կդասավանդվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում օգոստոսի 26-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Այս ծրագիրը 2014-15 ուսումնական տարում մուտք գործեց դպրոց: Այն իրականացվեց 10 դպրոցներում: Հաջողություն արձանագրվեց, և պիլոտային ծրագիրը կյանքի կոչվեց: Այս ուսումնական տարում մայրաքաղաքի ևս 50 դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գայանե Սողոմոնյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի խոսքով, այս օրերին Երևանի թիվ 20 դպրոցում առարկան դասավանդող ուսուցիչները վերապատրաստում են անցնում: «Մինչև սեպտեմբերի 1-ը կավարտվեն վերապատրաստումները, և նրանք գիտելիքներով զինված կմտնեն դպրոց` դասավանդելու»,-հավելեց Գայանե Սողոմոնյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 2-ին հրաման է ստորագրել 2015-2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան Հայաստանի Հանրապետության ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ: «Ազգային երգ ու պար» առարկան հանրապետության 13 դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվա սկզբին: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում, դասավանդումն սկսվում է հինգերորդ դասարանից և ավարտվում յոթերորդ դասարանում: