«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրն ուսումնական տարվան ընդառաջ աջակցել է մի շարք ընտանիքների
ОбществоԳուգարաց թեմի Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը իրականացրել է նախաձեռնություն նոր ուսումնական տարվան ընդառաջ:
Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպությունից, ծրագրի այս փուլն իրականացրել են միության պատանեկան թևի անդամները` գրենական պիտույքներ հավաքելով գրենական տարբեր խանութների և այս օրերին շուկաներում առկա գրենական տաղավարների գնորդներից: Դպրոցականների համար հավաքվել է նաև հագուստ` կոշիկ, սպիտակ վերնաշապիկներ, կոստյումներ, կիսաշրջազգեստներ, պայուսակներ և այլն:
Հավաքված պաշարը բավարարել է օգնության ձեռք մեկնելու Վանաձոր քաղաքի 21 ընտանիքի 26 դպրոցական երեխաների և 5 ընտանիքի` Կուրթան համայնքից: Ընտանիքները հիմնականում ընտրված են եղել Վանաձոր քաղաքի տնակային ավաններից և հանրակացարաններից:
Պատանիները նշել են, որ օգնություն ստացել են հիմնականում այն ընտանիքները, որոնք, լսելով ծրագրի մասին, դիմել են օգնության ակնկալիքով: Եվ միության անդամները նախապես այցելելով, ծանոթանալով ու համոզվելով նրանց կարիքավորության մեջ` բաժանել են հավաքված օգնությունը:
Միության անդամների խոսքով` ծրագրի այս փուլում գումարային նվիրատվությունները շատ քիչ են եղել և բավարարել են միայն որոշ գրենական իրերի քանակն ավելացնելու համար: Սակայն ծրագիրը շուրջտարյա է, և ընթացքում որքան գտնվեն բարերարներ ու աջակիցներ, այնքան էլ կմեծանա օգնություն ստացող ընտանիքների քանակը, քանզի դիմողները շատ են:
Վանաձորյան այս ծրագիրը արդեն դարձել է համամարզային և իրականացվում է նաև թեմի այն բոլոր ծխերում, որտեղ կան հոգևորականներ ու նրանց առաջնորդությամբ գործող եկեղեցասեր երիտասարդաց միություններ: Ծրագրով երիտասարդները միայն Վանաձոր քաղաքում աջակցել են շուրջ 230, իսկ ողջ թեմի տարածքում` 350 ընտանիքի: