Ադրբեջանական նավթի սրնթաց գնանկումը շարունակվում է
ЭкономикаՎրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի գինը վերջին 4 օրերին եւս երկու դոլարով էժանացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ Լոնդոնի սակարանում օգոստոսի 26-ին տեղի ունեցած սակարկության արդյունքում ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի մեկ բարելի գինը, 0,13 դոլարով կամ 0,29 տոկոսով էժանանալով, կազմել է 44,34 դոլար:
Անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթն արժեր 46,23 դոլար/բարել, իսկ երեկ` 44,21 դոլար/բարել:
Azeri LT CIF նավթի նվազագույն գինը` 19,15 դոլար, գրանցվել էր 2001 թվականի դեկտեմբերին, առավելագույն` 149,66 դոլար գինը` 2008 թվականի հուլիսին:
Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 42,57 դոլար, WTI նավթի մեկ բարելը` 38,33 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի գինը պետբյուջեում նախատեսվածից մոտ 47,43 դոլարով ցածր է: