Ճամբարակում կհիմնանորոգեն բազմաբնակարան երկու շենքերի տանիքները
ОбществоՃամբարակ քաղաքի բազմաբնակարան երկու շենքերի տանիքները հիմնարոգելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ պետբյուջեից հատկացվել է 49 միլիոն 600 հազար դրամ:
Ինչպես տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, հատկացված գումարն ուղղվելու է Ճամբարակի Տիգրան Մեծի 15 եւ Պարույր Սեւակի 12 հասցեներ ի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգմանը, որոնք քայքայվել եւ գրեթե կորցրել են շահագործման հետագա պիտանիությունը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի վարիչ Արմեն Զոհրաբյանի հավաստմամբ` առաջիկայում կհայտարարվի շինարարի ընտրության մրցույթ, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
«Կարծում եմ, որ բազմաբնակարան շենքերի երկու տանիքների հիմնանորոգումը կավարտվի մինչեւ տարեվերջ»,- նշեց Արմեն Զոհրաբյանը:
Խոսրով Խլղաթյան