Արարատի մարզպետարանում գործում է «Թեժ գիծ»
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարականով մարզպետարանում մայիսի 14-ից գործում է «Թեժ գիծ»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, ամսական ստանում են տարբեր բնույթի շուրջ 70 զանգ: Զանգահարողները և′ ներկայանում են, և′ հարցերը հնչեցնում անանուն' մարզի բոլոր տարածաշրջաններից: Զանգերը տարբեր բնույթի են. կոմունալ-կենցաղային, առողջապահական, տրանսպորտ, ոռոգման ջուր, թափառող շներ և այլն: Յակուբովը նշեց, որ զանգերն ունեն նաև սեզոնային բնույթ, օրինակ' կապված ոռոգման տարեշրջանի, բերքի մթերման հետ: Հարկ է նշել նաև, որ լինում են զավեշտալի, ճշգրտող, թյուրմացություն պարունակող հարցեր: Մարզպետի խորհրդականն ընդգծեց նաև, որ շատ դեպքերում «Թեժ գծի» միջոցով բնակիչները տեղեկանում են, թե իրենք ինչպես վարվեն այս կամ այն խնդրի լուծման համար: Երբեմն էլ ունեն խորհրդատվության կարիք, որի ժամանակ օգնության են հասնում մարզպետարանի իրավաբանները:
Յակուբովը նշեց, որ այս համակարգում անում են ամեն բան, որպեսզի հարցը լուծված չլինելու պատճառով բնակիչը չզանգահարի երկրորդ անգամ: Նա, կարևորելով «Թեժ գծի» առկայությունն Արարատի մարզում, նշեց, որ այն մարզպետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուր օր ստացված ամեն զանգի մասին զեկուցվում է մարզպետին, ով անձամբ հետևում է, որպեսզի լուծում ստանան բնակիչներին հուզող հարցերը: Բարձրացված հարցերն ուղղվում են մարզպետարանի աշխատակազմում ոլորտը սպասարկող համապատասխան պաշտոնյային, դրվում քննարկման: Յուրաքանչյուր պաշտոնյա իր վ րա պատասխանատվություն է կրում «Թեժ գծով» ստացված հարցերին օպերատիվ լուծում տալու համար:
Մայիսից բոլոր համայնքների, դպրոցների, առողջապահական հաստատությունների տեսանելի վայրերում փակցված են տեղեկատվական թերթիկներ: Մարզի բնակչությանը տեղեկացնելու նպատակով Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում բացված է նաև էջ' «Թեժ գիծ» խորագրով:
Արարատի մարզպետարանի «Թեժ գիծը», որի հեռախոսահամարն է 0-235-2-68-50, գործում է աշխատանքային օրերի աշխատանքային ժամերին: