Ամերիկացի մասնագետները վերապատրաստում են հայ սանհրահանգիչներին
ОбществоՀայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի նորարարական ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են:
Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ Հայաստանի զինված ուժերի ռազմական բուժակների դպրոցում: Դասընթացն ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ու ՀՀ պաշտպանության նախարարության գործակցության շրջանակում է իրականցվում և նպատակ ունի բարելավել վիրավոր զինծառայողներին ցուցաբերվող բուժօգնությունը:
«Դուք կյանքեր կփրկեք: Ձեր շնորհիվ զինված ուժերում ծառայող ձեր եղբայրներն ու քույրերը կվերադառնան տուն այնպիսի տեղերից, որտեղ շատերը վախենում են անգամ ոտք դնել. վտանգավոր տեղեր, ուր դուք համաձայնում եք գնալ հանուն խաղաղության», - ասել է դեսպան Միլսը` դիմելով շրջանավարտներին:
Փորձառու և հմուտ ամերիկացի դասընթացավարների խումբը, որի կազմում ԱՄՆ ցամաքային ուժերի սերժանտներ են և մեկ սպա, հայ ռազմական բուժակներին ուղղորդել է նորագույն մեթոդները ներկայացնող համընդգրկուն ուսումնական գործընթացի միջով, որն իրականացվել է այն նույն ուսումնական ծրագրով, որը կիրառվում է ամերիկյան ռազմական բուժակների ուսուցման համար: Հազարավոր էջեր թարգմանվել են հայերեն, որի արդյունքում հնարավոր է դարձել այս դասընթացը մատուցել անգլերենից զատ մեկ այլ լեզվով: Այս հաջողված փորձի արդյունքում ամերիկյան զինված ուժերն սկսել են այլ պե տություններից խնդրանքներ ստանալ իրենց մայրենի լեզուներով նման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ:
«Հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսին կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին: Այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող և ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է: Այս դասընթացը մեր պետությունների փոխադարձ առաջընթացի, մեր բարեկամության և միմյանց նկատմամբ կուռ հավատի և վստահության դրսևորման ևս մեկ օրինակ է: Գիտեմ, որ մեր գործընկերությունը կամրապնդվի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերներին դիմակայելու մեր հետագա ջանքերին զուգընթաց, մարտահրավերներ, որ որևէ երկիր ի զորու չէ միայնակ լուծել: Նորօրյա մարտահրավերներին դիմակայելու համար պահանջվում է նույնակերպ մտածողություն ու մոտեցումներ որդեգրած պետությունների համագործակցություն, իսկ այսօրվա մեր միջոցառումը փաստում է, որ հայ-ամերիկյան համագործակցությունն ընթանում է աշխույժ ու լավ»,-ասել է դեսպան Միլսը:
Ամերիկյան զինված ուժերի և Հայաստանի խաղաղապահ բրիգադի միջև վաղուց ի վեր ձևավորված գործընկերությունը մեծ կարևորություն ունի: 2004թ. Հայաստանի խաղաղապահ բրիգադի մեկ դասակ ՆԱՏՕ-ի ուժերի կազմում տեղակայվեց Կոսովոյում՝ կայունության ու խաղաղության ապահովման նպատակով: Այդ ժամանակվանից ի վեր հայ զինծառայողներն ակտիվորեն աջակցել են ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություներին թե՛ Իրաքում, թե՛ Աֆղանստանում, իսկ անցած տարի նոյեմբերին հայկական զորամիավորումները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում մեկնեցին Լիբանան: