Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հույն վարչապետն այդ հայտարարությունն արել է ի պատասխան Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «զգուշացմանը»:   Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 5-ին հանդիպման ժամանակ Էրդողանը Սամարասի հետ զրույցում ասել էր, թե «օրենքի նախագիծը կարող է դժվարություններ առաջացնել երկու երկրների հարաբերություններում»:   Նշվում է, որ հույն խորհրդարականներն արդեն ընդունել են օրինագծում առկա 6 հոդվածներից 3-ը: Մյուս երեք հոդվածների քննարկումը Հունաստանի խորհրդարանում պետք է տեղի ունենա այսօր' սեպտեմբերի 9-ին:   Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելի համարող օրենքներ արդեն գործում են Շվեյցարիայում եւ Սլովակիայում: Հունաստանը պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996 թվականին:   Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը:   Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 22 երկրներ: