Թուրքե՞րն են Ախուրյան գետը նետում գլխատված ոչխարների. գյուղացիներն անհանգստացած են
Обществоarmlur.am-ը գրում է.
Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա գյուղերի բնակիչներն արդեն մի քանի օր է, ինչ անհանգստացած են: Նշված գյուղերի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ մոտ օրերս իրենք Ախուրյան գետում նկատել են մեծ քանակությամբ գլխատված ոչխարների: Նրանք կասկածներ ունեն, որ թուրքական կողմից են գլխատված ոչխարները նետվել գետը:
ՀՀ Արագածոտնի եւ Շիրակի մարզերի Արագածավան եւ Անիպեմզա (այս համայնքները հարեւան են) գյուղերի բնակիչները մտահոգված են. կարծում են, որ Ախուրյան գետի ջուրը, որից իրենք ոռոգման նպատակով են միայն օգտվում, թունավորված կլինի: Ինչի համար էլ մեծ աղմուկ են բարձրացրել: Սակայն այս պատմության հետագա մանրամասների մասին տեղեկություն այդպես էլ բնակիչներին չի հաղորդվել: Եւ անտեղյակ բնակիչները ստիպված դիմել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն: Նրանց պատմելով՝ գործին խառնվել է նաեւ ազգային անվտանգության ծառայությունը, որովհետեւ դեպքի մասին ահազանգողները նշել են, որ ոչխարները գետ է նետել թուրքական կողմը: Բացի այս՝ անհրաժեշտ ստուգումներ է իրականացրել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղը:
Սակայն բնակիչները նշված կառույցների կողմից տրված «հանգստացնող» պատասխաններից ավելի են զայրացած եւ համոզված են, որ սա կկրկնվի: «Մենք շատ վախեցած ենք, որովհետեւ մտածում ենք, որ այդ ջուրը հիմա վարակված է, չէ որ դրանով ենք մենք ոռոգում մեր այգիները»,- անհանգստացած նշեցին Անիպեմզայի բնակիչները:
Իսկ, ահա, Անիպեմզայի գյուղապետ Հարություն Թառլանյանը հայտնեց, որ դեպքից մի քանի օր է անցել, սակայն մինչ օրս իրենք հստակ ոչինչ չունեն պարզաբանած: «Միայն տեղեկացանք, որ ինչ-որ գայլեր են ընկել իրենց ոչխարների մեջ, հոշոտել ու կոտորել: Իրենք էլ որսի միսը չեն կարողացել օգտագործել, շպրտել են գետը: Այսքանն ենք իմացել»,- փոխանցեց գյուղապետը: Նրա պատմելով՝ նման բան առաջին անգամ է պատահում: «Մենք ռուս սահմանապահներից տեղեկացանք, որ խոսքը մոտավորապես 60 ոչխարի մասին է»,- լրացրեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ այստեղ: