Գեղամավանի մշակույթի տունն առաջիկա ձմռանը կունենա կենտրոնացված ջեռուցում
ОбществоԳեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի մշակույթի տան արարողությունների սրահի ջեռուցման համակարգի կառուցման համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում պետական միջոցներից հատկացվել է 7 միլիոն 100 հազար դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը, վերջին տարիների ընթացքում պետական միջոցներով ամբողջությամբ հիմնանորոգվել է Գեղամավանի մշակույթի տունը, սակայն շենքի կենտրոնացված ջեռուցման խնդիրը մնացել է չլուծված: Ջեռուցման անհրաժեշտությունն առավել հրատապ զգացվում է արարողությունների սրահում, որտեղ տարին բոլոր կատարվում մի շարք միջոցառումներ և արարողություններ:
«Արարողությունների սրահը երրորդ տարին է, ինչ գործում է, ձմռանը տարածքը ջեռուցում ենք գազի վառարաններով, որն այդքան էլ արդյունավետ ու անվտանգ չէ: Խնդրի կարգավորման համար դիմեցինք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ով ընդառաջեց մեր դիմումին:Մշակույթի տան շենքը գազաֆիկացվել է տեղական միջոցներով, մնում է ջեռուցման համակարգի կառուցումը, որի աշխատանքները շուտով կմեկնարկեն եւ ավարտի կհասցվեն մինչեւ մոտակա ձմռան սկիզբ: Սա կենսական նշանակության ծրագիր է համայնքի բոլոր տնտեսությունների համար»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան