Համաշխարհային մեծությունների հետ աշխատած ռեժիսորը ցանկություն ունի Արամ Խաչատրյանի ու հայերի մասին ֆիլմ նկարահանել
КультураԲրիտանացի ռեժիսոր Թոնի Փալմերը, ով ավելի քան 120 ֆիլմերի հեղինակ է և աշխատել է Բիթլզի, Ջիմի Հենդրիքսի, Բրիտենի, Մարիա Կալասի, Ստրավինսկու, Մենյուհինի, Մարգո Ֆոնտեյնի հետ, ցանկանում է ֆիլմ ստեղծել Արամ Խաչատրյանի ու հայերի մասին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Մեծ Բրիտանիայում բնակվող հայազգի Զեփյուռ Բատիկյանը, ցանկանում են ֆիլմի միջոցով աշխարհին և հատկապես բրիտանացիներին ներկայացնել հայի տեսակը՝ իր մշակույթով և պատմությամբ: «Հանրահռչակ բրիտանացի ռեժիսոր Թոնի Փալմերի հետ նպատակ ունենք փաստավավերագրական ֆիլմ նկարահանել հայի տեսակի, ինքնության մասին։ Արամ Խաչատրյանի երաժշտության միջոցով ցանկանում ենք ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը։ Բոլոր նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել ֆիլմը նկարահ անելու համար։ Ռեժիսորի հետ միասին հանդիպումներ ենք ունեցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, Արամ Խաչատրյանի տուն թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ, Ազգային արխիվի և հեռուստաընկերությունների տնօրենների հետ»,-տեղեկացրեց Զեփյուռ Բատիկյանը։
Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումները դեռ չեն սկսել, քանի որ ֆինանսավորման խնդիր կա: «Շուտով Kickstarter էջում կմեկնարկի այս նախագիծը, և մարդիկ կկարողանան իրենց ներդրումն ունենալ ֆիլմի ստեղծման գործում»,-հայտնեց Զեփյուռ Բատիկյանը։
Զեփյուռ Բատիկյանը տրամադրեց նաև նախապատաստվող ֆիլմի 10 րոպեանոց թրեյլերը: