Աշոտյանը նոր ուսումնական տարին հին խնդիրների և նոր ծրագրերի տարի է համարում
ОбществоՆոր` 2015-16 ուսումնական տարին չլուծված հին խնդիրների և նոր ծրագրերի տարի է: Այս մասին Երևանի թիվ 45 հիմնական դպրոցում տոնական արարողության ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Կրթության ոլորտում խնդիրները բազում են, այդ խնդիրների մասին մենք խոսում ենք, փորձում լուծել ողջ տարվա ընթացքում: Այսօր հանրապետությունում գործող դպրոցներում մենք փորձել ենք նախապատրաստել երեխաների համար լավագույն հնարավորությունները: Մեկնարկում են նոր ծրագրեր, որոնք, գուցե, միանգամից բոլոր խնդիրները չեն լուծում: Ցավոք, կրթության և ինչպես այլ բազում ոլորտներում դա անհնար է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով` ակնհայտ է, որ առկա է առաջընթաց, ունենք հաջողություններ, լավ երեխաներ, փայլուն մանկավարժներ:
«Ուզում եմ, որ գալիք ուսումնական տարին լինի մեր երեխաների կյանքում նոր տարի: Նոր տարի, որտեղ գիտելիքի օր է ոչ միայն սեպտեմբերի 1-ը, այլև տարվա յուրաքանչյուր օրը»,-հավելեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը սեպտեմբերի 1-ին կրթական հաստատությունում շնորհավորեց դպրոցականներին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: