Հայ փրկարարները քննություն են հանձնում ՄԱԿ-ի INSARAG կազմակերպությանն անդամակցելու համար
ОбществоՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ջոկատը քննություն է հանձնում միջազգային INSARAG կազմակերպության անդամ դառնալու համար: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ՏԿԱԻՆ փրկարարական ծառայության վարչության պետ Արսեն Արշակյանը:
«INSARAG-ը ՄԱԿ-ի կողմից ստեղծված կառույց է, որը տարբեր երկրներում աղետների ժամանակ առաջին իսկ ահազանգի դեպքում լինում է դեպքի վայրում տվյալ պետության հաշվին: Ի դեպ, տեղեկացնեմ, որ այդ կազմակերպությունը ՄԱԿ-ի կողմից ստեղծվել է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արշակյանը:
Արշակյանն ընդգծեց, որ հայ փրկարարներն արդեն սկսել են քննությունը սեպտեմբերի 2-ի առավոտից: Քննությունը կտևի 36 ժամ և դրական արդյունքի դեպքում Հայաստանի փրկարարական ծառայությունը կդառնա INSARAG թիմի անդամ: «Սա մեր երկրի համար շատ լուրջ ձեռքբերում կլինի»,- եզրափակեց Արշակյանը: