Քեսաբահայերին հանձնվեցին ՀՀ քաղաքացու անձնագրեր
Սեպտեմբերի 4-ից 6-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Քեսաբ և Լաթաքիա:
Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ' Տիգրան Գևորգյանը բարձր գնահատեց քեսաբցի հայ մարդու' իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:
Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին' քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար:
Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկեցին քեսաբցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրին հյուպատոսական ընդունելություն' Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար: