ՏԿԱԻՆ-ում քննարկել են արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-լեհական համագործակցության հարցը
ОбществоՀայկական քաղաքային որոնողափրկարարական ջոկատի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որակավորման վարժանքի շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Ռակոզիին, Լեհաստանի պետական հրդեհային ծառայության տնօրեն, գեներալ Վիեսլավ Լեշնիկովիչին, Վարշավայի պետական հրդեհային ծառայության տարածաշրջանային տնօրեն, գեներալ Ժոզեֆ Գալիկային, Չեստախովայի ասպիրանտական դպրոցի տնօրեն, գնդապետ Մարեկ Չմիելին և մայոր Կրզիստոֆ Պետրասիկին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով հյուրերին` նախարար Երիցյանը ներկայացրել է ՏԿԱԻՆ-ի՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների համար պատասխանատու ստորաբաժանումներն ու դրանց ֆունկցիոնալ պարտականությունները:
Լեհաստանի ներքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ստանիսլավ Ռակոզին նշել է, որ ուրախ է հայ-լեհական համագործակցության շրջանակներում աջակցել ՀՀ-ին դառնալու ԻՆՍԱՐԱԳ միջազգային որոնողափրկարարական խմբի անդամ: Պարոն Ռակոզին հույս է հայտնել, որ հայ-լեհական համագործակցությունն արտակարգ իրավիճակների բնագավառում էլ ավելի կզարգանա՝ խորհրդատվական մակարդակից անցում կատարելով դեպի տեխնիկական աջակցություն: Հյուրերը ներկայացրել են Լեհաստանում գործող փրկարար ծառայության գործունեությունն ու ստորաբաժանումները, ինչպես նաև Լեհա ստանում գործող հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատների աշխատանքները:
Կողմերը քննարկել են նաև երկու երկրներում աղետների մասին բնակչության ազդարարման մեթոդիկան և կիրառվելիք տեխնոլոգիաները:
Հանդիպման ավարտին լեհական պատվիրակության անդամները ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանի ուղեկցությամբ շրջել են նախարարության տարածքով՝ ծանոթացել կառավարության պահուստային սերվերին և Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքներին: