Մասիս քաղաքում բացվել է հանրապետության խոշոր «Ոսկե կացին» սպանդանոցը
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 2-ին մասնակցեց Արարատի մարզի Մասիս քաղաքում «Ոսկե կացին» սպանդանոցի պաշտոնական բացմանը:
«Հանրապետությունում շահագործման հանձնվեց նոր սպանդանոց, կարելի է ասել հանրապետության խոշոր սպանդանոցը, որը մեկ հերթափոխի ընթացքում պետք է կատարի խոշոր եղջերավոր կենդանիների մինչև 200 գլուխ, իսկ մանր եղջերավոր կենդանիների մինչև 1000 գլուխ սպանդ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերգո Կարապետյանը նշեց, որ սա բավականին մեծ թիվ է մեր հանրապետության համար, և սրանով մենք հնարավորություն ունենք մեր երկրում լուծելու սպանդանոցների խնդիրը: Նախարարը նշեց նաև, որ սպանդանոցում արդեն իրականացվում է մեծ ծավալներով մորթ, և սպանդանոցն հնարավորություն ունի սպասարկելու ոչ միայն Արարատի մարզը, այլև հարակից տարածքների ազգաբնակչությանը:
«Սպանդանոցից մթերում են իրականցնում ՀՀ տարբեր մարզերում` Սյունիքում Շիրակում և այլն: Սպանդանոցի շահագործումը մեծապես նպաստելու է անասնապահության զարգացմանը: Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության գերակա ոլորտներից է, և անասնապահությունը մեծ դերակատարում ունի»,- հավելեց նախարարը:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին էլ նշեց, որ նախկինում անվստահություն կար, որ գուցե Հայաստանում գյուղացիները դժվարություններ ունենան անասնապահական արդյունքն իրացնելու հարցում, սակայն այդ անվստահությունն արդեն փարատվել է:
«Սպանդանոցի կառուցումը արդյունավետ կարող է լինել 2 երկրների համար և այս հնարավորությունները որ ստեղծվել են անասնապահության բանագավառում աշխատողների համար, շատ լավ հնարավորություններ են ու նման ձեռնարկություն ունենալով գյուղացիները կարող են վաճառել իրենց ոչխարները: Ես անձամբ շատ հավանում եմ Հայաստանի ոչխարի միսը այն շատ համեղ է»,- հավելեց դեսպանը:
Սպանդանոցի տնօրեն Արմոնդ Հախվերդյանը, խոսելով սպանդանոցի մասին, նշեց, որ այն կառուցվել է հիմնվելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքների վրա:
« 2013 թվականին իրանցի մասնագետները ՀՀ-ում հիմնադրեցին «Ոսկե կացին» ՍՊԸ-ն: Մեր նպատակներից մեկը ժամանակակից սպանդանոցի կառուցումն էր և մեկ հերթափոխի ընթացքում մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու հնարավորության ստեղծումը, իսկ առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի նաև խոշոր եղջրերվոր անասունների մորթը կազմակերպելու լիազորություն ունեցող հոսքագիծը»,- ասաց տնօրենը: