Բեռլինում բացվում Է դասական երաժշտության Musikfest Berlin խոշորագույն փառատոնը
КультураԲեռլինում սեպտեմբերի 3-ին բացվում Է դասական երաժշտության Musikfest Berlin խոշորագույն փառատոնը, որն անցկացվում Է Բեռլինյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են փառատոնի կազմկոմիտեում, այս տարի գլխավոր շեշտը դրվելու Է Առնոլդ Շյոնբերգի եւ Գուստավ Մալերի, ինչպես նաեւ Կառլ Նիլսենի երաժշտության վրա՝ ի պատիվ դանիացի կոմպոզիտորի ծննդյան 150-ամյակի:
Ամեն տարի Բեռլինի փառատոնի շրջանակներում բարձր մակարդակի՝ նվագախմբերի տասնյակ համերգներ են անցկացվում անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Այս տարի Բեռլինի ֆիլհարմոնիայի շենքում ելույթ կունենան Շվեդիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանական օպերայի նվագախումբը եւ երգչախումբը, Իսրայելի սիմֆոնիկ նվագախումբը, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախումբը եւ բազմաթիվ այլ երաժշտական կոլեկտիվներ՝ ընդամենը շուրջ 30 նվագախմբեր ամբողջ աշխարհից:
Փառատոնի բացման առթիվ համերգը կկայանա սեպտեմբերի 3-ին. ունկնդիրների առջեւ ելույթ կունենա Բեռլինի պետական կապելլան՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
Իսկ սեպտեմբերի 2-ին Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում ելույթ կունենան Ensemble Modern նվագախումբը եւ Synergy Vocals երգչախումբը, երաժիշտները կկատարեն ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Ադամսի երկու ստեղծագործություններ եւ ամերիկացի մինիմալիստ Սթիվ Ռայխի կոմպոզիցիան:
Փառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ընդհանուր առմամբ տոնի 19 օրվա ընթացքում կկայանա շուրջ 30 համերգ, երաժիշտները կկատարեն 25 կոմպոզիտորների ավելի քան 70 ստեղծագործություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: