Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցողների թիվը սահուն կերպով աճում է. Ա.Սողոյան
ОбществоՎերջին շրջանում գրեթե ամեն օր Հայաստանում ծեծի, մարդասպանության կամ ինքնասպանության դեպք է գրանցվում, որի որդյունքում հարցեր են առաջացնում՝ մարդի՞կ են դաժանացել, միջանձնային խնդիրնե՞րն են իրենց գագաթնակետին հասել, թե ամենօրյա սպանությունները պարզապես օգոստոսյան աննախադեպ տապի հետևանք են:
Հայկական հոգեբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը Orer.am-ի հարերցին ի պատասխան ասաց, որ մարդկանց մոտ կայնքի և մահվան անգիտակցական ձգտումներն ի վերուստ են տրված և յուրաքանչյուր մարդում մոտ առկա է ստեղծագործելու, բարին արարելու ձգտումը, միևնույն ժամանակ առկա է նաև կործանելու, չարը գործելու ձգտումը: Ցանկացած դաժան տեղեկություն, նկար կամ ֆիլմ նրա մոտ սնում երկրորդ ձգտմանը:
«Վատ սոցիալական վիճակում գտնվող մարդն ավելի շատ է ցանկանում դաժան բաների մասին լսել և տեսնել: Արդյունքում նման տեղեկությունն անդրադառնում է նրա հոգեվիճակի վրա, որը հետագայում կարող է անկանխատեսելի հետևանքների բերել»,- ասում է Ա.Սողոյանը:
Մասնագետի կարծիքով` հեռուստաընկերություններն ինչքան շարունակեն դաժանություն «քարոզող» սերիալներ ցուցադրել և ինչքան այդ մասին շատ խոսվի, այնքան «կգովազդվի» դաժանությունը:
«Երբ դեպքը մատուցելիս այն ներկայացվում է որպես վատ երևույթ և այն դատապարտվում է, այն կամաց-կամաց մարդու վրա սկսում է այնպիսի ազդեցություն թողնել, որ դա վատ արարք է և չի կարելի նման բան անել: Երբ ցուցադրվում են ավտովթարներ, պետք է անպայման շեշտել, թե վթարը ինչի հետևանք է: Հակառակ դեպքում նման դեպքերը կդառնան սովորական երևույթներ»,- ասում է մասնագետը:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան, համագործակցելով այլ կազմակերպությունների հետ, նպատակ ունի որոշակիացնել ԶԼՄ-ների կողմից նեգատիվ երևույթների լուսաբանման սահմանները, ինչը թույլ կտա սովորական ընթերցողին կամ հեռուստադիրողին զերծ մնալ անասելի քանակությամբ դաժանություն պարունակող տեղեկություն ստանալուց:
Orer.am-ի՝ դաժան սպանությունները չլուսաբանելը որքանո՞վ կօգնի մարդկանց ավելի լավատես ու հանդուրժող լինել հարցին ի պատասխան, Ա.Սողոյանն ասաց, որ ապացուցված է, որ երբ դաժանություն պարունակող երևույթների «գովազդը» սկսում է պակասել, հասարակության մեջ պակասում են նաև նման երևույթները:
Իսկ թե հանրապետությունում այս պահին որքա՞ն է հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների թիվը ոչ ոք չգիտի: Հայկական հոգեբուժության ասոցիացիայի նախագահի խոսքով` մեր երկրում նման ուսումնասիրություն չի իրականացվել:
Դրա փոխարեն ընդամենը հոգեկան հիվանդություն ունեցողների դիմումների հաշվառում է կատարվում, ինչն իրական պատկերը չի կարող արտահայտել, իսկ որ հոգեկան հիվանություն ունեցողների թիվը ամբողջ աշխարհում սահուն կերպով աճում է, փաստ է:
«Քանի որ հիվանդությունների ուսումնասիրություն չի իրականացվել, բնականաբար, որևէ տեղ չի արտացոլվում, թե հանրապետությունում հոգեկան խնդիրներ ունեցող քանի մարդ կա: Դրա համար պետք է իրականացվեն պրոսպեկտիվ հետազոտություններ: Առաջիկայում նախատեսվում է նման ուսումնասիրություն իրականացնել, որից հետո արդյունքները բականաբար կներկայացվեն և՛ համապատասխան մարմիններին, և՛ հանրությանը»,- ասում է Ա.Սողոյանը: