«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը կմիավորի յոթ երկրների թատերական գործիչների
КультураՏիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության hայկական կենտրոնը` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը», 10-րդ անգամ Լոռու մարզում կանցկացնի «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը:
«Արմենպրես»-ի հետ զրույց ում «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-11-ն անցկացվող իրադարձության ընթացքում կանցկացվի «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» խորագրով երթ:
«Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին Դսեղ գյուղում: Ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում Հովհաննես Թումանյանին: Յոթ երկրներից տարբեր թատրոններ, գործիչներ են գալու, կցուցադրվեն տարբեր ներկայացումներ: Վանաձորի Հայկ հրապարակից մեկնարկելու է «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» խորագրով երթը` դեպի Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոն: Մեկշաբաթյա ծրագիր է լինելու: Նախատեսում ենք նաև երկու ներկայացում ցուցադրել Երևանում»,-նշեց Արմեն Սաֆարյանը:
«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահի խոսքով, փառատոնի շրջանակում անցկացվելու են վարպետության դասեր, թեմատիկ քննարկումներ, կոնֆերանս:
Փառատոնն իր առջև նպատակ է դրել նպաստել տիկնիկային արվեստի զարգացմանը, հայ մշակույթի տարածմանը, տարբեր ազգերի միջև մշակութային փոխանակումների և երկխոսության զարգացմանը: Փառատոնի աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը, Լոռու մարզպետարանը, Վանաձորի քաղաքապետարանը և այլ մասնավոր կառույցներ: