Գեղեցիկ թվեր նկարելով պետություն չի զարգանա, ոչ էլ հաց ուտելիս մտքում պանիր պատկերացնելով՝ պանրի համ կառնես
АналитикаԺամանակին, ասենք, գավառական քաղաքների քաղաքապետի թեկնածուները իրենց նախընտրական ծրագրերում կամ կատարված աշխատանքների մեջ գրում էին, որ իմ օրոք իքս քաղաքում միացվեցին, օրինակ, Վիվա Սելլ-ի անտենաները (ռեալ դեպք եմ ասում): Կապ չունի, չէ՞, որ այդ անտենաներ տեղադրող ընկերությունը այդ քաղաքապետի մասին չի էլ լսել, մարդը իր օրոք կատարված ամեն ինչ իրեն է վերագրում:
Պարզվում է՝ իշխանության վերին էշելոններում ևս այդպիսի համախտանիշ կա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարել է, որ առաջին եռամսյակում ունեցել ենք ՀՆԱ–ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում հատկապես կարևորվում է գյուղատնտեսական ոլորտում արձանագրված աճը, որը լրջորեն մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը, ինչպես նաև մեր արտահանման բազմազանությունը:
Ուշադրություն դարձրեք այս բարեբաստիկ լուրի առավել խորքերին՝ ՀՆԱ-ն ու տնտեսությունը գրեթե ՛՛բարեբար՛՛ աճել են: Վարչապետը, սակայն, մոռանում է բացատրել, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ տարին բարենպաստ է եղել գյուղատնտեսության համար, բնությունը բարի ու առատաձեռն է գտնվել և ոլորտում աննախադեպ աճ է արձանագրվել: Քանի որ գյուղատնտեսությունը չի հարկվում՝ ոլորտից ստացված հասույթը վերածվում է համախառն ներքին արդյունքի, սակայն հարկերի տեսքով բյուջե մուտքեր չեն կատարվում: Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ գյուղացին որոշակի աճ է ունենում տնտեսության մեջ, պետությունը դրանից հարկային եկամուտներ չի ստանում, հետևաբար աբսուրդ է խոսել տնտեսության աճի մասին:
Այնպես որ՝ գեղեցիկ թվեր նկարելով պետություն չի զարգանա, ոչ էլ հաց ուտելիս մտքում պանիր պատկերացնելով՝ պանրի համ կառնես...
Այսպես էլ ապրում ենք՝ Աստծո կամոք և բնության քմահաճույքին... Միգուցե Աստծու՞ն խնդրենք, որպեսզի փթթեն ու ծաղկեն արդյունաբերությունն ու արտաքին տրանսֆերտները:
Չէ՞ որ այսպիսի կառավարիչների պարագայում այսպես թե այնպես Աստծո հույսին ենք ապրում...