Պետպատվերի շրջանակում տարեսկզբից փրկվել է սուր ինֆարկտի ախտորոշմամբ շուրջ 1000 քաղաքացու կյանք
ОбществоՏարեսկզբից պետական պատվերի շրջանակում փրկվել է սուր ինֆարկտի ախտորոշմամբ շուրջ 1000 քաղաքացու կյանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
«Ամփոփելով առաջին կիսամյակի ծրագրի արդյունքները` մեզ պարզ դարձավ, որ նման ծրագրի ներդրումը թույլ տվեց ունենալ հիվանդանոցային մահացության դեպքերի զգալի նվազում: Ստենտավորված հիվանդների հիվանդանոցային մահացությունն այսպիսով կազմել է 4%, ինչը լավ ցուցանիշ է նույնիսկ արևմտաեվրոպական երկրների մակարդակի հետ համեմատելիս», - ասաց Համլետ Հայրապետյանը:
Մասնագետը մանրամասնեց, որ ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն սուր ինֆարկտի ախտորոշմամբ հիվանդները, սակայն ստենտավորման պահին ինֆարկտից չպետք է անցած լինի ավելի քան 12 ժամ, և հիվանդի ախտորոշումը պետք է հաստատված լինի լաբորատոր պայմաններում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում 2015թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում բուժօգնություն է ստացել 981 քաղաքացի:
«Եթե առաջին երեք ամիսների ընթացքում ծրագրին մասնակցում էին չորս կլինիկա՝ երկու մայրաքաղաքային և երկու մարզային, ապա այս պահին ծրագրին միացել են տասը կլինիկա: Մինչ այժմ հիվանդների հետ կապված լուրջ բարդություններ և բողոքներ չեն արձանագրվել: Մենք պարբերաբար այցելում ենք կլինիկաներ, հետևում հիվանդության պատմագրերին, բոլոր աշխատանքները կատարվել են լիարժեք և ճշգրիտ», - հավելեց Համլետ Հայրապետյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչը նշեց, որ պետական ծրագրով ստենտավորման ժամանակ կիրառվում է ամերիկյան, եվրոպական կամ ճապոնական արտադրության ոչ դեղապատ ստենտ, սակայն հիվանդի ցանկության դեպքում, համապատասխան վճար կատարելիս, հիվանդին կտեղադրվի դեղապատ ստենդ: Դեղապատ ստենտից հրաժարվածների տոկոսը կազմել է պետպատվերի շրջանակներում սպասարկում ստացողների 10-12%: