Անի Մաջնունյանի դիվային սպանության գործով
БлогՄաքսիմ Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ երեկոյան շատերդ դիտած կլինեք "Կիսաբաց լուսամուտները'. քննարկում էին Անիի դիվային սպանության խնդիրները: Եվ ցանկացա հեռակա կարգով մասնակցել այդ քննարկմանը, քանի որ մի բան էլ ես հիշեցի:
Ես Անի Մեջնունյանի հետ ծանոթ չեմ եղել, միայն այնքանը, որ նա Նարեկ է սիրել կարդալ, իսկ ես թարգմանել եմ Նարեկը: Սակայն Սունդուկյանի թատրոնի սրճարանից գիտեի` Մուշեղին կամ Մխիթարին, որ այդ դիվային սպանության հեղինակն է կամ, ինչպես մինչև դատն են ասում`գլխավոր կասկածյալը:
Խնդիրն այն է, որ մոտ կես տարի առաջ Մամուլի տան մոտերքում Մուշեղ-Մխիթարին հանդիպեցի, որ մի գեղեցիկ աղջկա հետ էր: Ծնոթացրեց, թե. "Իմ դերասանուհիներից է, 18 տարեկան, անունը` Աննա, հարսնացուս է, շուտով նշանվելու ենք": Ես զարմացա, քանի որ մոտ երկու տարի առաջ այդ մարդը թատրոնի սրճարանում ծանոթացրել էր իր կնոջը, և խնդրել, որ իրենց հետ լուսանկարվեմ:
Ապա Մուշեղ-Մխիթարը ասաց թե` մի սցենար ունեմ, կուզենայի ծանոթանայիք: Ես անհանգստացա, մտածելով թե` ահա մի խակ բան են գլխիս փաթաթելու, որ կարդամ, պատասխանեցի թե` այդքան ժամանակ չունեմ: "Կարդալ պետք չէ,- ասաց Մուշեղ-Մխիթարը,- ընդամենը մի քանի բառով կասեմ. "Երիտասարդը սպանում է իր սիրուհուն, և այդ սպանողը ես եմ լինելու": Կարծեցի թե` իր պիեսի գլխավոր դերը ինքն է ուզում խաղալ: "Սահմռկեցուցիչ է, դիվային, - ասացի ես,- դրա մեջ ինչ բարի բան կա, որ տաս հանդիսատեսին, որովհետև յուրաքանչյուր պիես կոչված է` մի բարի բան, մի օգտակար հետևություն մատուցելու": "Դա ուրիշ պիես է"- ասաց, հիմա չեք հասկանում, պիեսում հետաքննությանը մասնակցելու են շատերը, ողջ հասարակությունը, Դուք էլ, եթե ուզենաք, կարող եք մասնակցել": "Չէ,-ասացի,- ինձ մի քանի անգամ հրավիրել են սերիալներում խաղալու, հրաժարվել եմ, ես գրչի մարդ եմ": Ասաց. "Ըստ հետաքննության, վերջում մարդասպանը պիտի արդարացվի": "Անկարելի է,- պատասխանեցի ես, որ Մխիթար Գոշի ու Սմբատ Սպարապետի ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐՆ էի թարգմանել, բարի մարդկանց միջոցով- հրատարակել:-Նման հանցանքները, անգամ քրիստոնեական ներմամբ, անպայման պիտի պատժվեն, նաև որպես խրատ ու վախ այլոց համար...":
Եվ այդ փսխելի պիեսի ու հեղինակի առաջացրած փսխելի տրամադրությունից որքան հնար է շուտ ազատվելու համար, նաև իսկապես շտապում էի, ասացի. "Ես շտապում եմ, գործ ունեմ":
"Ես էլ եմ շտապում":- ասաց ու բաժանվեցինք:
Մեր խոսելու ընթացքում մի քանի անգամ խղճմտանքով նայեցի Աննային, մտածելով, թե` էս ում հետ է կյանքը կապել, որովհետև եթե պիեսը վրիժառություն է, ապա "սիրուհին" ինքն էր դուրս գալիս: Աննայի դեմքը թեպետ արտաքնապես հագիստ էր, բայց ներքին լարվածություն, այնուամենայնիվ, նկատվում էր: Ըստ երևույթին, այդ սատանայական պիեսի իրական սցենարին ինքն արդեն տեղյակ էր:
Ցավում եմ մեր սպանված քրոջ` Անիի համար, որ շնության պատճառով, ապաշխարելու փոխարեն, արդեն հասուն տարիքում ընկել է Նեռի որոգայթը:
Այդքանը հիշեցի: Որ այս գործում պիղծ Սատանայի մատը կա, այդ անկասկած է:
Աստված բարին կատարի: Ամեն: