Աշխարհի 20 երկրներից 104 պատվիրակներ կմասնակցեն ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովին
ОбществоԱշխարհի 20 երկրներից 104 պատվիրակներ կմասնակցեն Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (Հ.Բ.Ը.Մ.) պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ժողովի հանդիսավոր բացմանը ներկաներին հայտարարեց Հ.Բ.Ը.Մ. կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը:
«Այստեղ ներկա են միության համահայկական կառույցի բոլոր շրջանների ներկայացուցիչներն՝ մայր Հայաստանից մինչև Ավստրալիա, Ամերիկայից Եվրոպա և մինչև Միջին Արևելք: Հոմենթմենի դրոշի տակ համախմբված եղբայրներն ու քույրերը հավաքվել են մեկտեղ վերարժևորելու և իմի բերելու միության գործունեությունը՝ ավելի լավ ապագայի կերտման համար: Նախորդ պատգամավորական ժողովից ի վեր շատ բան է փոխվել մեր խնդիրների շարքում: Ուրախությամբ պետք է հայտնենք, որ անցած չորս տարիների ընթացքում մեր հայաստանյան կառույցն ունեցավ քանակական և որակական աճ»,- ա սաց Գառնիկ Մկրտչյանը:
Հ.Բ.Ը.Մ. պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովի բացման արարողությանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Գառնիկ Մկրտչյանին փոխանցեց «Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար» ՀՀ նախագահի կողմից շնորհված երախտագիտության մեդալը:
«Աշխարհի տարբեր ծայրերում դուք գործունեություն եք ծավալում հայ երիտասարդությանը հայ պահելու համար: Ձեր հանգիստը, աշխատանքի մի հատվածը ամբողջությամբ նվիրել եք հային, Հայաստանին, հայությանը, որպեսզի հայ երիտասարդությանը հայրենասեր և ազգասեր դաստիարակեք», - նշեց Հրանուշ Հակոբյանը:
Մինչև սեպտեմբերի 12-ը Հ.Բ.Ը.Մ. պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովն իր աշխատանքները կշարունակի Աղվերանում և կուղեկցվի տարբեր ձեռնարկներով:
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (Հ.Մ.Ը.Մ.) հիմնադրվել է 1918 թ. նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Նշանաբանն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր». այն ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։