«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնն ուղղված է միջազգային մշակութային երկխոսության խթանմանը
КультураՀայաստանը, Բուլղարիան, Իրանը և Հնդկաստանը ներկայացնող ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության մի քանի խմբեր կմասնակցեն «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» չորրորդ միջազգային ֆոլկլորային փառատոնին:
«Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 9-13-ն անցկացվող փառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երևանից իրադարձությանը կմասնակցեն «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Վարք հայոց», Նարեկացի արվեստի միության ժողովրդական գործիքների, Բյուրականից` «Կաթնաղբրիկ&raq uo;, «Խնդում», Ուջանից` «Կարոտ», Ներքին Բազմաբերդից` «Գորանի» խմբերը, Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան, Բյուրականի Հ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Փառատոնին կմասնակցեն նաև Բուլղարիայից` «Նյուանս», Հնդկաստանից` «Բոբբիդանս» ազգային պարի, Իրանի Իսլամական Հանրապետությունից` «Ռահավարդե Պարսիան» ժողովրդական գործիքների խմբերը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Բյուրականի Հ. Թումանյանի անվան դպրոցում, եզրափակիչ համերգը` սեպտեմբերի 13-ին Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում:
Փառատոնի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` համերգներ, երթեր, ցուցահանդեսներ: Իսկ մասնակից խմբերի համար կկազմակերպվեն ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Արդեն ավանդական դարձած «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնը միտված է ազգային ավանդական մշակույթն իր բուն՝ կրողների միջավայրում ներկայացնելուն: Դրա իրականացումը մեծապես նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, միջազգային մշակութային երկխոսության խթանմանը և ազգային մշակույթի հանրահռ չակմանը: