Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը
ОбществоԿյանքի 96-րդ տարում մահացել է Լենինգրադի բլոկադան վերապրած ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը: Նա ապրել է հագեցված և հետաքրքիր կյանք:
Նա ծնվել էր 1919թ. Թբիլիսիում, հայտնի երկաթուղային Լևոն Լալայանի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո Ռուզաննան քրոջ Սոֆիայի հետ ընդունվել է Լեինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտ: Բուհն ավարտելը համընկավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հետ, և քույրերը որոշեցին կամավոր բանակ գնալ՝ դառնալով ռազմական բժիշկներ: Պատերազմի մեկնարկի արդեն 5-րդ օրը երկու հայուհի երիտասարդ բժիշկները, գրանցվեցին Կիրովի առաջին աշխարհազոր, որից հետո քույրերը ծառայեցին հայտնի 42-րդ բանակի հրաձգային դիվիզիայում:
Ողջ բլոկադան Ռուզաննան և Սոֆիան աշխատել են լենինգրադյան նավատորմի տարբեր հատվածներում որպես բժիշկ-վիրաբույժներ: Ռուզաննան անձամբ էր վիրահատել և խնամել հայտնի ռուս բանաստեղծ Միխայիլ Դուդինին: Հետագայում, մոտ չորս տասնամյակ անց, հայտնի ռուս բանաստեղծը չէր մոռացել երիտասարդ հայուհուն: Իր ողջ կյանքում նա երազել էր հանդիպել իր փրկչին: Այս հանդիպումը տարիներ անց իրականություն դարձավ:
Պատերսզմից Ռուզաննան վերադարձավ միայնակ՝ նրա քույրը զոհվել էր Լենինգրադի բլոկադայի լուծարումից մի քանի օր առաջ: Ռուզաննա Լալայանը 1946թ. բնակություն հաստատեց Երևանում, ուր երկար տարիներ աշխատում էր Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտում, որտեղ բուժում էր Հայաստան տարհանած վիրավոր զինվորներին:
Այնուհետ նա տեղափոխվեց Բժիշկների վերապատրաստման ինստիտուտ, որտեղ ստեղծեց ինստիտուտի թանգարանը և այստեղից էլ գնաց արժանի հանգստի:
Բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի վաստակավոր բժիշկ Ռուզաննա Լալայանը արժանացել էր Հայրենական պատերազմի առաջի կարգի Կարմիր աստղի զինանշանների, ինչպես նաև տասնյակ այլ ռազմական մեդալների:
Նա վարում էր ակտիվ կյանք, հաճախ հանդիպում երիտասարդների հետ, պատմում պատերազմի և հայրենասիրության մասին: Նույնիսկ մեծ տարիքում նա երբեք չէր մերժում հանդիպման առաջարկը, նամանավանդ ֆաշիզմի դեմ հաղթանակած պատերազմի ավարտի հոբելյանական տարում:
Լևոն Ազրոյան